Արտո Չաքմաքչյանի անունը սերտորեն կապված է 20-րդ դարի երկրորդ կեսի այն նշանավոր ստեղծագործողների հետ, ովքեր քաղաքացիական խիզախություն ունեցան դուրս գալու պաշտոնական աջակցություն վայելող սոցիալիստական ռեալիզմի շրջանակներից և իրենց ժամանակին համահունչ ստեղծագործությամբ, նոր ձևերով ու գաղափարներով հարստացնելու հայկական ժամանակակից արվեստը։
Չաքմաքչյանը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, թեև ամուր կապված էր հայկական ավանդական քանդակագործության բազմազան ձևերին, ինչպես նաև ժամանակակից մշակույթի համաշխարհային միտումներին։
Դեռևս Հայաստանում ստեղծագործելու տարիներին Արտոյի «պլաստիկական» գաղափարը հստակ էր՝ ձևերի ազատ փոխակերպում, դրանց տարածական զարգացում, դինամիկ և ասոցիատիվ պատկերների համադրում ու հակադրում՝ հենվելով բազմիմաստության և խորհրդանշականության վրա։
1976 թվականից Արտոն ապրում և ստեղծագործում էր Մոնրեալում՝ նվաճելով նոր ստեղծագործական բարձունքներ և ձեռք բերելով ավելի լայն միջազգային ճանաչում։ Վարպետը մահացավ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։
Լուսանկարում «Մայրիկի դիմանկար» քանդակն է։
Հենրիկ Իգիթյանը՝ Իոսիֆ Կարալյանի մասին
Կարալյանի ստեղծագործությունը յուրատեսակ հուզիչ կարոտ է դեպի մանկության երկիրը, որը կարելի է այցելել միայն երազում և երևակայության մեջ, քանի որ այն այլևս գոյություն չունի։ Յուրաքանչյուր մարդու մանկությունը, ինչպես նաև նրա ժամանակաշրջանը, անկրկնելի են, անկրկնելի են նաև ապրած զգացողությունները, և դրանք տեսողական կերպով պահպանվում են հիմնականում կերպարվեստում։
Այսպիսով, Կարալյանը հայկական գեղանկարչություն բերեց նոր ժանր՝ հիշողությունների ժանրը։ Հետագայում այդ ուղղությունը շարունակեցին Հակոբ Անանիկյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։ Ինչպես գրականության մեջ բարձր են գնահատվում հուշագրությունները, այնպես էլ դրանք լիովին բնական և արդարացված են կերպարվեստում։ Առանձնապես արժեքավոր են այն մարդու ստեղծագործությունները, ով անցել է սայլերի ու կերոսինային լամպերի ժամանակներից մինչև տիեզերական դարաշրջանի սկիզբը և կարողացել է իր ժամանակի բարձրությունից հայացք նետել անցյալին։
Կարալյանը բովանդակության նկարիչ է։ Նա երբեք ձևականորեն չի վերաբերվում պատկերման առարկային. ձևը թելադրվում է սյուժեով և այն մոտիվով, որի վրա նա կանգ է առնում։ Սա նրա ստեղծագործությունների գլխավոր արժանիքն է։ Դրանք առանձնանում են խոր պատկերավորությամբ և յուրաքանչյուր կտավին տալիս են հիշվող, ինքնատիպ բնութագիր։ Կարալյանի համար անցյալը կիսամոռացված հիշողությունների առանձին դրվագներ կամ տեսարաններ չեն։ Դա փաստերի անընդհատ շղթա է, որը միաձուլվում է մեկ ամբողջական ու անկրկնելի գեղարվեստական կերպարի մեջ։ Նրա ստեղծագործությունը բաղկացած է առանձին, ինքնուրույն գործերից, սակայն դրանք անքակտելիորեն կապված են ընդհանուր գաղափարով՝ կյանքի մեկ մեծ գրքի գլուխների պես։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ինքնին գեղարվեստական արժեք ունի, սակայն ամբողջ ստեղծագործության համատեքստում դրա նշանակությունը կրկնապատկվում է։ Նկարիչը կարողացել է իր սերունդների համար պահպանել իր ժողովրդի կենսագրության ամենահետաքրքիր էջերը, ժողովրդի, որի հետ անքակտելիորեն կապված է եղել նրա ողջ կյանքը։
Հեղինակի միտքը
«Վերցրեք մի ծեր ջրաղացպանի փայտը․ դրա թեթևակի կորացած գլխիկը տիրոջ ձեռքերի շփումից ամբողջովին հղկվել է, իսկ քրտինքից ստացել է խորը սաթագույն երանգ։ Երևակայություն ունեցող մարդու մոտ, երբ նա նայում է այդ փայտի գլխիկին, առաջանում է պատկերների, հիշողությունների և ասոցիացիաների մի ամբողջ շարք։
Այնուհետև մտեք գալանտերիայի խանութ և խնդրեք գործարանային արտադրության ձեռնափայտ․ ոչ մի պատկեր, լուռ փայտ։ Ահա թե ինչու ցանկացած իսկական հնագիտական առարկա այդքան մեծ տպավորություն է թողնում։ Այդ իրերի մեջ կա ժամանակ և ինչ-որ մեկի հոգին»։
«Maestro-ն»՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մինչև հունիսի 30-ը արվեստասերին հասանելի են նկարիչ Էդուարդ Խարազյանի «Maestro-ն» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Սա հեղինակի հետմահու առաջին անհատական ցուցահանդեսն է, որը նախաձեռնել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։
Հիշեցնենք՝ ցուցահանդեսը բացվել է հունիսի 17-ին։
Հեղինակն ընդգծում էր՝ իր կյանքն այպես է ապրել, որ այն վերածվել է նկարչության, իսկ նկարչությունը՝ կյանքի։
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։
1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։
1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։
1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։
1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։
1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։
Խարազյանը որպես նկարիչ հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»։
Նկարիչը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին։
«Հույզեր, լռություն և ժամանակ» – Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան
Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան Հույզեր, լռություն և ժամանակ
Ապրիլի 22–ին, ժամը 18։00-ին սիրով հրավիրում ենք Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Ռուբեն Բաբայանի և Ռուզաննա Խալաթյանի «Հույզեր, լռություն և ժամանակ» ցուցահանդեսի բացմանը։
Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան՝ երկու ստեղծագործ անհատներ, որոնց համատեղ կյանքն ու արվեստը ձգվում են ավելի քան չորս տասնամյակ: Ներկայանալով մեկ ցուցահանդեսի շրջանակներում ՝ արվեստագետները միաձուլում , միավորում են մի ներքին հոսքի մեջ գեղանկարչությունը և գոբելենը՝ արտահայտելով համատեղ ապրած ժամանակի, տեսածի, զգացածի և լռության մեջ հասունացած մտքերը: Այս ցուցահանդեսում հանդիպում են երկու տարբեր, բայց ներքուստ հարազատ մոտեցումներ։ Ռուբեն Բաբայանի կտավներում լույսն ու ստվերը դառնում են ոչ միայն պատկերային միջոց, այլ մտածողության ձև՝ բացահայտելով մարդու ներաշխարհը, ներքին լարվածությունն ու ժամանակի հետ նրա երկխոսությունը։ Նույն այդ ներքին շարժումը, այլ նյութականությամբ ու տեխնիկական լեզվով, շարունակվում է Ռուզաննա Խալաթյանի գոբելեններում, որտեղ գույնը ձեռք է բերում շոշափելի ծավալ, իսկ գործվածքը՝ ժամանակի շերտավորում։ Մարդը՝ իր ներքին երկվությամբ, հույզերով, սպասումով ու հիշողությամբ, նրանց արվեստի առանցքային թեմաներից է։ Երբեմն այդ մարդը հայտնվում է հստակ կերպարի մեջ, երբեմն՝ վերածվում է գույնի, կառուցվածքի կամ ռիթմի։ Լույսն ու գույնը, ձևն ու նյութը դառնում են նույն պատմության տարբեր արտահայտություններ։ «Հույզեր, լռություն և ժամանակ» ցուցահանդեսը ոչ միայն երկու արվեստագետների ստեղծագործությունների համադրություն է, այլև երկարատև համատեղ կյանքի վկայություն, որտեղ արվեստը դարձել է հաղորդակցության ձև, մտածողության տարածք և հիշողության կրող։
«Գորգ, Վիշապ, Սունկ» – Գևորգ Ջորջ Քասսաբյան
Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) սկսած 2004 թվականից և 2012թ-ից՝ ՖՄԿ լիիրավ անդամ է: Ժամանակակից արվեստի թանգարանը ամեն տարի գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին հյուրընկալում է ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են զանազան միջոցառումներով՝ կապված Ֆրանսիայի, նրա լեզվի և մշակույթի հետ: Այս տարի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Ժամանակակից արվեստի թանգարանը կներկայացնի Գևորգ Ջ. Քասսաբյանի «Գորգ, Վիշապ, Սունկ » Խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս.թ. մարտի 27-ին, ժամը` 17:00:
Գևորգ Ջորջ Քասսաբյանի «Գորգ, Վիշապ, Սունկ » նախագիծը ուսումնասիրում է բնության մեջ գործող անտեսանելի փոխկապակցվածության սկզբունքը։ Սնկերը ներկայացվում են որպես ստորգետնյա միցելիումի ցանցի մակերեսային դրսևորումներ, որոնք ապահովում են ծառերի և բուսականության միջև սննդի և տեղեկատվության փոխանակումը։ Այս կերպ աշխատանքը շեշտում է, որ էկոհամակարգերի կայունությունը հիմնված է համագործակցության և փոխադարձ աջակցության վրա։ Սունկը նաև վերածննդի խորհրդանիշ է, քանի որ այն աճում է քայքայումից և վերափոխվում է մահացած նյութից նոր կյանքի։ Քանդակներում համադրվում են փխրունությունն ու ներքին ուժը՝ արտահայտելով կենսական գործընթացների շարունակա-կանությունը։
Ցուցադրությունում սնկերի մոտիվը ներկայացվում է գունավոր վիշապների պատկերների հետ երկխոսության մեջ։ Վիշապները խորհրդանշում են տարերային էներգիա, շարժում և փոխակերպման դինամիկ ուժ։ Եթե սնկերը մարմնավորում են լուռ, հորիզոնական տարածվող կենսական բանականությունը, ապա վիշապները ներկայացնում են նույն ուժի արտահայտումը՝ ուղղահայաց, ակտիվ և տեսանելի ձևով։ Երկու կերպարներն էլ գործում են որպես սահմանային խորհրդանիշներ՝ միավորելով նյութականն ու առասպելականը։
Այս համադրությամբ Քասսաբյանը ներկայացնում է կյանքի միասնական հոսքը՝ ցույց տալով, որ բնական և խորհրդանշական աշխարհները նույն էներգիայի փոխլրացնող արտահայտություններ են։
Մարտի 27- ապրիլի 17 /2026 Ժամանակակից արվեստի թանգարան / Մաշտոցի 7
«Չորս տարերքներ» – Արմինե Թումանյան – անհատական ցուցահանդես
Ցուցահանդեսը ներկայացնում է աբստրակտ նկարների շարք՝ ներշնչված չորս տարերքներից՝ հող, ջուր, օդ և կրակ։ Յուրաքանչյուր աշխատանք ուսումնասիրում է տարերքների ոչ թե տեսանելի ձևը, այլ դրանց հոգեբանական և զգայական ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։ Գույների, ձևերի և շարժման միջոցով ստեղծված աշխատանքները բաց են անձնական մեկնաբանության համար՝ հրավիրելով դիտողին զգալ ու ոչ թե պարզապես դիտել։ Ցուցահանդեսը հարթակ է մտորումների, ներքին հավասարակշռության և ինքնաճանաչման համար։
Բացումը Մարտի 5 Ժամը 17:30 Ժամանակակից արվեստի թանգարան
Ցուցահանդեսը բաց է Մինչև մարտի 22 Երեքշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00 Սիրով սպասում ենք ձեզ՝ զգալու չորս տարերքների ներքին շարժումը։ Մինչ հանդիպում
«Պատուհաններ» Հայդուկ Սմբատյան – անհատական ցուցահանդես
Փետրվարի 11–ին, ժամը 17։30-ին սիրով հրավիրում ենք Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» ցուցահանդեսի բացմանը։
Հայդուկի ավելի լիրիկական, հոսուն, բիոմորֆ աբստրակցիոնիզմն այս ցուցահանդեսի մի անկյան տակ ներկայացնում ենք պատուհանների ցանցի սկզբունքով՝ համակցված, համակարգված մի միտումով. այն է՝ բացահայտելու այդ աշխատանքների ներքին դինամիկ ստրուկտուրան՝ անկախ բնության կամ աշխարհի արտաքին ֆորմաներից։
«Սիրո ԴՆԹ» Նանա Արամյան – անհատական ցուցահանդես
Սիրո ԴՆԹ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է հունվարի 23-ին՝ ժամը 18:00-ին Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացմանը։ ––– Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսը փոխհարաբերության մասին է՝ որպես անտեսանելի, սակայն հզոր կառուցվածք, որը միավորում է երկու անհատների՝ անկախ հեռավորությունից կամ տեսանելիությունից։ Ցուցահանդեսի կենտրոնում է մոնումենտալ եռապատկերը՝ «Սիրո ԴՆԹ», արվեստագետի երկրորդ հավակնոտ մեծամասշտաբ աշխատանքը, որտեղ երկու կերպարներ ապրում են տարբեր աշխարհներում, սակայն կապված են փխրուն, մեծ ջանք պահանջող սիրո դաշտով։
Ցուցահանդեսի մեկնակետը «Գիշերային շղարշ» ստեղծագործությունն է՝ կյանքի, ժամանակի և ներքին վերափոխման մասին մտորումներով, որից հետո ուշադրությունը տեղափոխվում է սիրո և տղամարդու ու կնոջ փոխհարաբերության թեմային։ Զույգերին պատկերող աշխատանքները, Դիմակահանդես շարքը և մեծամասշտաբ թվային «Կիբերպանկ Վեներա »-ն՝ սիրո գաղափարը թվային դարաշրջանում, ստեղծում են միասնական պատմություն։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև ամբողջովին նոր գործեր, ստեղծված հատուկ այս նախագծի համար, որոնք անսպասելիորեն կզարմացնեն անգամ արվեստագետի ստեղծագործությանը ծանոթ հանդիսատեսին։
«2020» – Լուսինե Նաղդալյան – անհատական ցուցահանդես
«2020» խորագրով նախագիծը ստեղծվել է 2020-ից մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում։ Մեդիա տեռոր… բողոքի ցույցեր… ընտրություններ… պատերազմ… հետպատերազմյան մղձավանջ… Ստեղծագործական այս շարքը հանդիսանում է հեղինակի անձնական արխիվը, որը նա պահպանում և կրում է իր մեջ՝ հիշողությունների, հույզերի և իրադարձությունների տեսքով։ Այն տեսողական օրագրերի, պատմությունների, մտորումների և ուրվագծերի շարք է, որոնք միաժամանակ պատմում են այն վայրի և ժամանակի մասին, որտեղ մենք ապրում ենք։ Արվեստագետն աշխատում է խառը տեխնիկայով՝ նախ ստեղծելով թվային պատկերներ, դրանք անճանաչելիորեն փոփոխելով, ապա աշխատելով ակրիլով։ Ակրիլը այստեղ ոչ միայն վերջնական հպում կամ ուղղում է, այլև ինքնուրույն շերտ, որը կարող է ամբողջությամբ վերակառուցել պատկերը կամ, հակառակը, տպագրության հետ համակեցություն հաստատել՝ հանդես գալով որպես հավասարազոր տարր։ Նախագիծը ներկայացվել է նաև Բաթումիի Աջարիայի պետական արվեստի թանգարանում՝ 2025 թվականի սեպտեմբերին։ Այժմ այն կներկայացվի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
«6-րդ զգայարան» – Արթուր Դուրգարյան (Durgo)
«6-րդ զգայարան» ՝ ճանապարհ դեպի տեսանելիի սահմաններից դուրս
Սիրով հրավիրում ենք նոյեմբերի 14-ին ժամը 17:00-ին Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» ցուցահանդեսի բացմանը:
Այս նախագծով՝ արվեստագետը հրավիրում է մեզ խորհելու, բացահայտելու զգացմունքի և անտեսանելի իրականության խորքերը, դուրս գալու տեսանելիի սահմաններից՝ մտնելով խորը զգացմունքային աշխարհ, որտեղ ինտուիցիան դառնում է տեսողություն։
«Արվեստը միշտ էլ ավելին է, քան այն, ինչ տեսնում ենք», — նշում է Արթուր Դուրգարյանը։ — «Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»։
Ցուցահանդեսը կգործի 2025թ. նոյեմբերի 14-ից մինչև 23-ը: