Facebook_Page_Cover_1920x1080

ԱԽՍԱՐ ՄՈՒՐԻԵՎ — MAGNIFIQUE VOYAGE, ou l’HISTOIRE D’UN HOMME

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը և Անտոն Լևախինն առաջին անգամ ներկայացնում են.

Ժամանակակից գեղանկարիչ Ախսար Մուրիևի MANIFIQUE VOYAGE, ou l'HISTOIRE D'UN HOMME (ֆրանսերենից թարգմանված՝ «Հոյակապ ճանապարհորդություն, կամ մեկ մարդու Պատմություն») խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը պատմում է քնարական հերոսի ստեղծագործական ուղու մասին, որն արտացոլված է գեղանկարչական կտավներում: Այն բացահայտում է հեղինակի տեսակետը սեփական ճանապարհորդությունների վերաբերյալ՝ իր անձնական պատմությունների միջոցով։

Ֆրանսերեն լեզուն փոխհարաբերություններ է կառուցում Ախսար Մուրիևի ստեղծագործությունների և Մարսել Պրուստի մտորումների և նրա «Կորուսյալ ժամանակի որոնումներում» magnum opus-ի հերոսների միջև՝ ընդգծելով ցուցահանդեսի փիլիսոփայական բովանդակությունն ու նոստալգիկ ինտոնացիան: Կրկնակի խորագիրն ընդգծում է ցուցահանդեսի դուալիստական համատեքստը, այն պատմում է «մեկ մարդու պատմությունը», որը դառնում է ինքը՝ դիտողը։

Ցուցահանդեսին կներկայացվեն Ախսար Մուրիևի 2023-2024 թվականներին ստեղծած աշխատանքները, այդ թվում այնպիսի կտավներ և մեծածավալ եռապատկերներ, ինչպիսիք են «Հոյակապ ճանապարհորդություն», «Արևային պար», «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» և «Դինամիկ կոմպոզիցիա երեք մասից»։ Ցուցահանդեսային տարածքում այս աշխատանքները միավոված են վառ ամբողջության մեջ, նրանց պատկերներն ու իմաստները մտնում են գունեղ երկխոսության մեջ՝ միասին ստեղծելով մեկ հուզիչ կոմպոզիցիա:

Ցուցահանդեսի համադրողն Անտոն Լևախինն է, ով առաջին անգամ չէ, որ համագործակցում է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, նա նաև աջակցել է 2024 թ. Վենետիկի 60-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան, Մաշտոց 7): Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի 2024 թ. սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 27-ը, ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ը (դրամարկղը՝ մինչև ժամը 17:30), բացի երկուշաբթի օրերից:

ԱԽՍԱՐ ՄՈՒՐԻԵՎ

Ախսար Մուրիևը ծնվել է Վլադիկավկազում և բարձրագույն գեղարվեստական կրթություն է ստացել տեղի Նորաձևության և դիզայնի ինստիտուտում: 2004թ.-ից Ախսար Մուրիևը սկսում է աշխատել նորաձևության ոլորտում, Բենետոն ընկերությունում նրա տաղանդը նկատում է կոնգլոմերատի հիմնադիր և հայտնի իտալացի կոլեկցիոներ Լուչանո Բենետոնը։ 2013թ.-ից նկարիչը սկսում է համագործակցել Անտոն Լևախինի հետ և մասնակցում է մի շարք միջազգային մշակութային նախագծերում: Միևնույն ժամանակ Մուրիևը դասավանդում է՝ իր փորձը փոխանցելով երիտասարդ տաղանդավոր նկարիչներին և դիզայներներին գրաֆիկայի, գեղարվեստական ձևավորման և կոմպոզիցիայի կուրսում։

2017 թվականին Ախսար Մուրիևն ընդունվում է Հռոմի Հայրապետական Գրիգորյան համալսարան և մասնակցում է Կոլիզեումի, Հռոմեական ֆորումի և Պալատինյան բլուրի հնագիտական այգու պեղումներին: Իտալիայում նկարիչն ուսումնասիրում է կրոնական գեղանկարչություն, միջնադարի և Վերածննդի արվեստը, առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրում է վաղ քրիստոնեական եկեղեցու հարուստ մշակութային ժառանգությունը և աշխատում է գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ստեղծման վրա։

ԱՆՏՈՆ ԼԵՎԱԽԻՆ

Անտոն Լևախինը Կազանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: Մի քանի տարի հաջողությամբ աշխատելով միջազգային ֆինանսական հաստատություններում՝ նա հիմնեց A&A Worldwide ընկերությունը և ամբողջությամբ տրվեց իր հիմնական հետաքրքրությանը՝ արվեստին: Իտալիայում անցկացրած տարիները, Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում նկարչության դասերի այցելությունը (Villa Medici, Académie de France à Rome) զգալիորեն ընդլայնել են նրա ստեղծագործական հնարավորությունները: 2015թ. Անտոն Լևախինի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում՝ Վլադիսլավ Մամիշև-Մոնրոյի հետահայաց ցուցահանդեսի շրջանակում:

Անտոն Լևախինը բազում երաժշտական նախագծերի հեղինակ է, միջազգային փառատոների և հեռուստանախագծերի հիմնադիր: Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում 2022 թվականի հուլիսին ներկայացվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան կամ Պատժված անառակը» օպերայի բեմադրությունը, որտեղ Անտոն Լևախինը հանդես է եկել որպես գեղարվեստական ղեկավար:

Երկար տարիներ է, ինչ Լևախինը համագործակցում է առաջատար նկարիչների և միջազգային հաստատություների հետ, ժամանակակից արվեստի խոշորագույն համաշխարհային ֆորումում՝ Վենետիկի բիենալեում իրականացնում է ցուցահանդեսային նախագծեր, որոնք արժանանում են բարձր գնահատանքի:

https://aaworldwide.eu/

Comments are closed.