Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ճանաչված իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոի (1922-2005) “Լույսը, հնչյունը և գույնը” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։

Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի (1922-2005) աշխատանքները կցուցադրվեն Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում հունվարի 15-ից փետրվարի 29-ը
Բացումը չորեքշաբթի հունվարի 15-ին, ժամը 16։00-ին
Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքները շարունակում են շրջել ամբողջ աշխարհով, հրավիրելով հանրության ուշադրությունը ետպատերազմյան Իտալիայի ճանաչված նկարիչներից մեկի արվեստին։

“Associazione Montarsolo”-ի պահոցներից ընտրված 30 աշխատանքները ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանները, առանձնակի ուշադրություն դարձնելով իր կողմից լույսի օգտագործման հատուկ եղանակին։ Ցուցահանդեսը ներառում է արվեստագետի հարուստ ժառանգության բազմազանությունը սկսած 1960-ականների շրջանից (երկրաչափություն և լույս), բնության թեմաներից (ծով, հրաբուխ և այլն), 1970-ականների «Նշաններ և ձայներ» շարքից մինչև վերջին շրջանը, ուր նկարիչը իր համար բացահայտում է ստեղծագործության ահռելի մեծ աշխարհը։ Հենց այդ շրջանին է պատկանում այս ցուցահանդեսի համար որպես նշանաբան ընտրված «Փշրված ասուպ», 2003 թվականի աշխատանքը։ Ստեղծագործական վերջին շրջանը առավել շեշտելու համար ցուցահանդեսի բացումը կուղորդվի նշված աշխատանքի պրոեկցիայով։

Ներկայացված կտավներից մի քանիսը հատուկ ճանաչման են արժանացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով։ Դրանցից են՝ «Մերկը Վեզուվի վրա» (1958) և «Հաստատման պարտադիր բնույթը», որը 1972 թվականին Հռոմում անցկացված ազգային քվադրիենալեին արժանացել է հատուկ մրցանակին։

Այս ցուցահանդեսի համար պատրաստվել է պատկերագիրք, որի համադրողն է Ջորջիո Այնիզոլան, ով կներկայացնի նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսը կազմակերպված է “Associazione Montarsolo”-ի կողմից, Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հավհանու ներքո։ Տեխնիկական հովանավոր՝ Italia Cargo։
*
Կարլո Մոնտարսոլոն (1922-2005) ծնվել է Մարմորեում (Թերնի) և մեծացել Պորտիչիում (Նեապոլ)։ Սկսել է նկարել 16 տարեկանից ոգեշնչվելով շրջապատող բնությունից, Վեզուվից և Միջերկրական ծովից։ 1960-ականների ընթացքում նա բերում է Նեապոլ անալիտիկ կուբիզմի իր փորձը։ Նկարչական միջոցների արվեստագետի զուտ ինքնատիպ օգտագործումը և լույսի նկատմամբ հատուկ ուշադրությունը դարձրեցին իրեն ետպատերազմյան Իտալիայի աբստրակտ ոճի մեջ աշխատող ճանաչված նկարիչներից մեկը։ Նրան երբեք չի հետաքրքրել հատուկ ոճի ձևավորումը, նկարիչը ավելի հակված էր էքսպրեսիվ սինթեզին, որը արտահայտում էր իր ճկուն և բազմակողմանի անհատականությունը։ Նա միշտ բաց էր նորարարությանը, բայց միևնույն ժամանակ հավատարիմ էր ավանդույթներին։ Մոնտարսոլոն իր նկարչական գործունեության ընթացքում մասնակցել է մեծաքանակ հեղինակավոր ցուցադրությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների, որը հնարավորություն ստեղծեց նկարչի համար ներկայացնելու Իտալիան Մելբուրնում, Սիդնեյում և Նյու Յորքում։ Արվեստագետի աշխատանքները կարելի է տեսնել Իտալիայի և Իտալիայից դուրս գտնվող հեղինակավոր թանգարաններում, 20-րդ դարի իտալական արվեստի Collezione Farnesina հավաքածոյում և այլն։

Իր երկարատև գործունեության ընթացքում նա աչքի է ընկել նաև որպես արվեստի ջատագով․ 1975 թվականից ի վեր Կարլո Մոնտարսոլոն հաճախ հրավիրվել է Իտալիայի արվեստի ինստիտուտներ դասախոսության, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա և Եվրոպա ժամանակակից արվեստի կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար։

Նկարչի մահից հետո իր արվեստը ներկայացնելու պատիվը տրվել է իր որդուն՝ Ֆեդերիկո Ռոմանելլի Մոնտարսոլոյին, որը կազմակերպելով իր հոր ցուցահանդեսները Իտալիայում և արտերկրում շարունակում է ներկայացնել հանրությանը իտալական արվեստը։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Likes (0)