Մինաս Ավետիսյան (1928-1975)

1928 թ. – ծնվել է Ջաջուռ գյուղում (Հայաստան)։

1947-1952 թթ. – սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1952-1954 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1954 թ. – ուսումը շարունակել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում, Ա. Զայցևի, Լ. Խուդյակովի, Բ. Իոգանսոնի արվեստանոցներում։

1960 թ. – ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։ Վերադարձել է Երևան և մասնակցել հանրապետական ցուցահանդեսին։

1962 թ. – «Հինգի ցուցահանդեսում» ներկայացրել է 40 աշխատանք (Երևան)։

Զբաղվել է բեմանկարչությամբ. «Բոլերո», «Անտունի», «Գայանե», «Լոռեցի Սաքո» բալետներ, «Ալմաստ» օպերա և այլն։

1967 թ. – մասնակցել է հայ նկարիչների շարժական ցուցահանդեսին (Մոսկվա, Ալմա Աթա, Վոլգոգրադ, Տալին)։

1968 թ.-ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։

Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում։

1969 թ. – մասնակցել է Հայկական արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին (Փարիզ)։

Անհատական ցուցահանդես Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա)։

1970 թ. – մասնակցել է հայկական արվեստի «Ուրարտուից մինչև մեր օրեր» (Փարիզ) և EXPO-70 (Մոնրեալ) ցուցահանդեսներին։

Անհատական ցուցահանդես Վիլնյուսում։

1971-1972 թթ. – մասնակցել է անդրկովկասյան արվեստի շարժական մեծ ցուցահանդեսին (Մոսկվա-Պրահա-Բեռլին)։

1973 թ. – մասնակցել է Խորհրդային արվեստի  (Փարիզ) և ժամանակակից հայկական արվեստի (Բեյրութ) ցուցահանդեսներին։

Ընդգրկվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահության կազմում։

1974 թ. – 25 աշխատանք է ցուցադրել Հ. Հակոբյանի հետ համատեղ անցկացվող ցուցահանդեսում (Ավստրիա)։

Մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Երևանում, Մոնրեալում, Դամասկոսում, Բեյրութում, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքներում։

1975 թ. – ողբերգական մահով զոհվել է Երևանում։

1975-1996 թթ. – բազմաթիվ հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանում և արտասահմանում։

Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Պետական մրցանակ։

1977 թ. – Երևանում բացվել է Մ. Ավետիսյանի տուն-թանգարանը։

1980 թ. – նկարչի աշխատանքներն արժանացել են «Մարտիրոս Սարյան» մրցանակի։

1982 թ. – Մինաս Աետիսյանի տուն-թանգարան բացվեց նրա հայրենիքում՝ Ջաջուռ գյուղում (ավերվել է երկրաշարժի ժամանակ)։

2008 թ. – անհատական ցուցահանդես տուն-թանգարանում (Ջաջուռ)։

2009 թ. – անհատական ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան)։

Նկարչի հսկայական թվով գեղանկարչական աշխատանքներ ոչնչացան 1972 թ. արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով։

Աշխատանքները գտնվում են Մ. Ավետիսյանի տուն-թանգարանում (Երևան), Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Տրետյակովյան պետական պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի երկրների ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Հայաստանի, Ռուսաստանի և արտասահմանյան շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Նկարչի մասին հրատարակվել են մեծ թվով հոդվածներ, գրքեր, մենագրություններ, ալբոմներ.

1970 թ. – մենագրություն «Մինաս Ավետիսյան», «Սովետական նկարիչ», Մոսկվա

1975 թ. – ալբոմ «Մինաս Ավետիսյան», «Ավրորա», Լենինգրադ

2006 թ. – տպագրվել է «Մինասը Ջաջուռից» ալբոմը (Հենրիկ Իգիթյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան)։

Likes (0)