Հենրիկ Սիրավյան (1928-2001)

PortfolioՇտեմարանՀենրիկ Սիրավյան

Հենրիկ Սիրավյան (1928-2001)

1928 թ. – ծնվել է Երևանում։

1943-1948 թթ. – սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1948-1954 թթ. – սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում։

1954 թ.-ից հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա)։

1954-1955 թթ. – Լ. Ա. Դուրնովի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ միասին մասնակցել է Էջմիածնի տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին։

1958-1966 թթ. – աշխատել է Մ. Սարյանի արվեստանոցում։ 

Մ. Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով և նրա ղեկավարությամբ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահում իրականացրել է «Հայաստան» պաննոն և Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահում՝ «Հայաստան» եռամաս վիտրաժը։

Հետագայում կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ. Կոմիտասի թանգարանի գմբեթի ձևավորումը (Էջմիածնի հոգևոր սեմինարիա)՝ նկարիչներ Հ. Հակոբյանի և Ա. Մելքոնյանի հետ համատեղ, «Աղբյուրի մոտ», «Որս» որմնանկարները՝ Հրազդանի Քախսի գյուղի մշակույթի պալատում, «Հայաստան» եռապատկեր պաննոն՝ Հայաստանի Գրողների տան նախագահության  ճեմասրահում, «Բջնիի անցյալն ու ներկան» որմնանկարը՝ Բջնիի մշակույթի պալատի ճեմասրահում, Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը, «Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի Երգչախմբային ընկերության ճեմասրահում և այլն։

1967 թ.-ից միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում ձևավորել է հայկական տաղավարները (Դամասկոս, 1967 թ., Ռիո դե Ժանեյրո, 1968 թ., Լագոս, 1974 թ., Բուենոս Այրես, 1976 թ., Լոս Անջելես, 1977 թ., Զագրեբ, 1979 թ., Էքսպո-81, Մոնրեալ, Դելի, 1982 թ., ոսկե շքանշան լավագույն ձևավորման համար, Բարսելոն, 1984 թ., «Գեղեցկության աստվածուհի» մրցանակ, Փարիզ, 1986 թ., Գրան պրի)։

1962 թ.-ից նրա ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով, մրցանակներով և այլն (մրցանակ համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում, Մոսկվա, 1962 թ., մրցանակ մանկական ամսագրի լավագույն նկարազարդման համար, 1969 թ., «Պիոներ», Երևան, Գերագույն խորհրդի պատվոգիր, 1978 թ., հոբելյանական շքանշան ԽՍՀՄ առևտրա-արդյունաբերական պալատի 50-ամյակի առթիվ, 1982 թ., «Երևան և երևանցիներ» ցուցահանդեսում առաջին մրցանակ, 1985 թ.)։

1977 թ.-ից – ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

1981 թ. – ձևավորեց «Դավիթ Բեկ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։

1986 թ.-ից — «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի ասպետ։

Անհատական ցուցահանդեսներ.

1993 թ. – Նկարիչների տուն, Երևան

2003 թ. – Նկարիչների տուն, Երևան (հետմահու ցուցահանդես) 

2001 թ. – մահացել է Երևանում։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև  մի շարք արտասահմանյան երկրների մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket