Ժամանակակից արվեստի թանգարանի և Թաթուլ Առակյանի հավաքածուներով 2026 թվականի օգոստոսի 5–25-ը կներկայացվի Ընկերներ ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Արման Գրիգորյանին։ Ցուցահանդեսը հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում վերադառնալու արվեստագետի ստեղծագործական աշխարհ, վերարժևորելու նրա գեղարվեստական մտածողությունը և անդրադառնալու այն մշակութային ժառանգությանը, որը նա թողել է ժամանակակից հայկական արվեստում։ Արման Գրիգորյանի ստեղծագործությունները առանձնանում են ինքնատիպ գեղարվեստական լեզվով, կերպարային արտահայտչականությամբ և խոր մարդկային բովանդակությամբ։ Դրանք արտացոլում են հեղինակի ներաշխարհը, նրա գեղագիտական որոնումները և արվեստի միջոցով մարդու ու ժամանակի մասին մտորումները։ «Ընկերներ» խորագիրը խորհրդանշում է ոչ միայն հիշողությունը, այլև այն ստեղծագործական և մարդկային կապերը, որոնք ձևավորվել են արվեստի շուրջ։ Այդ գաղափարը շարունակվում է նաև ցուցադրության կառուցվածքում. Արման Գրիգորյանի ստեղծագործությունների կողքին ներկայացված են նրա ժամանակակից այլ վարպետ-ստեղծագործողների աշխատանքները՝ ստեղծելով գեղարվեստական երկխոսություն և ընդգծելով այն ստեղծագործական միջավայրը, որի անբաժանելի մասն էր արվեստագետը։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս դիտելու Արման Գրիգորյանի արվեստը ոչ միայն որպես անհատական ստեղծագործական ժառանգություն, այլև որպես մի մշակութային դաշտի կարևոր բաղադրիչ, որտեղ տարբեր հեղինակների գեղարվեստական մտածողությունները փոխլրացնում և հարստացնում են միմյանց։ Ցուցահանդեսը բացահայտում է արվեստի միավորող ուժը՝ արժևորելով ընկերությունը, ստեղծագործական փոխազդեցությունը և մշակութային հիշողության շարունակականությունը։ Սիրով հրավիրում ենք այցելել Ժամանակակից արվեստի թանգարան և միասին արժևորել Արման Գրիգորյանի արվեստն ու հիշատակը։
Նախագծեր
Ընկերներ. ստեղծագործական երկխոսություն
01.08.2026

