
Հոդվածներ
Հոդվածներ, պատմություններ եւ նյութեր թանգարանի հավաքածուի ու ժամանակակից արվեստի շուրջ։

Համլետ Հովսեփյան
Քչերը գիտեն, որ հայ ժամանակակից արվեստի բացառիկ դեմքերից մեկը՝ Համլետ Հովսեփյանը, ով անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում և մասնակցել միջազգային տարբեր բիենալեներին, հարցազրույց է տվել շվեյցարացի համադրող արվեստի քննադատ և Լոնդոնի «Սերփենթայն» պատկերասրահի տնօրեն` Հանս Ուլրիխ Օբրիստին: Հանս-Ուլրիխ Օրբիստը երկար տարիներ է, արվեստի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկի արաջատարներից է, ըստ միջազգային Art Review ամսագրի`ում համար համար արվեստագետները աշխարհում ամենակարևոր մարդիկ են ։ Նա առավել հայտնի է իր «Հարցազրույց» նախագծով, որն այժմ ունի ավելի քան երկու հազար ժամ ձայնագրություններ ժամանակակից մշակույթի առաջատար գործիչների հետ` Զահա Հադիդից մինչև Յոկո Օնո, և այդ զրույցների գրքերի անվերջ հրատարակմամբ։ https://www.criticalreview.am/en/1543740183

Ռուդոլֆ Խաչատրյան․ արվեստ, որը ձգտում է անհասանելիին
Հայ ժամանակակից արվեստի պատմության մեջ Ռուդոլֆ Խաչատրյանը բացառիկ այն արվեստագետներից է, որի ստեղծագործությունը դուրս է գալիս ժամանակի, ժանրի և գեղարվեստական պայմանականությունների սահմաններից։ Նրա արվեստը ոչ միայն գեղագիտական երևույթ է, այլև մտքի, հոգևոր փորձառության և անընդհատ ինքնահաղթահարման ճանապարհ։ Այդ ճանապարհի մասին ամենադիպուկ գնահատականներից մեկը տվել է Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը՝ նշելով, որ Խաչատրյանի ընտրած ուղին «անվերջ է», ունի հեռավոր նախորդներ և ոչ պակաս հեռավոր՝ գրեթե տիեզերական ավարտ, իսկ նրա ամբողջ ստեղծագործությունը կարելի է ընկալել որպես մշտապես զարգացող գիծ, որը արվեստագետին տանում է դեպի կատարյալի, նույնիսկ՝ անհասանելիի սահմանները։ Խաչատրյանի արվեստը հենց այդ անընդհատ որոնման մարմնավորումն է։ Նա երբեք չի բավարարվել արդեն ձեռք բերվածով․ յուրաքանչյուր ստեղծագործություն հաջորդի նախադուռն էր, յուրաքանչյուր ձև՝ նոր տարածության բացահայտում։ Այդ պատճառով նրա գործերում դասական մտածողությունը միահյուսվում է նորարարական լեզվին, իսկ նյութը վերածվում է գաղափարի կրողի։ Գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակային մտածողությունը և օբյեկտի տարածական կազմակերպումը նրա ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես մեկ ամբողջական աշխարհընկալման տարբեր դրսևորումներ։ Հենրիկ Իգիթյանը Ռուդոլֆ Խաչատրյանին բնորոշում էր որպես իսկական դասական՝ բառի ոչ միայն բարձր, այլև խորքային իմաստով։ Նրա համոզմամբ՝ Խաչատրյանի հաջողությունները պարզապես հիշողություններ կամ արձագանքներ չէին անցյալի մեծ արվեստից, այլ կենդանի ապացույց, որ մեր օրերում ևս հնարավոր է արվեստի իսկական հրաշքը։ Այդ գնահատականը վերաբերում է ոչ միայն ստեղծագործությունների կատարելությանը, այլև արվեստագետի ներքին ազնվությանը, իր ընտրած ճանապարհին անվերապահ նվիրվածությանը և գեղարվեստական չափանիշների բացառիկ բարձրությանը։ Ինքը՝ Ռուդոլֆ Խաչատրյանը, իր ստեղծագործական ձևավորման ակունքները կապում էր Երվանդ Քոչարի հետ։ Նա խոստովանում էր, որ պատանեկության տարիներին Քոչարի հետ հանդիպումն իր կյանքի ամենամեծ իրադարձությունն էր։ Խաչատրյանի համար Քոչարը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլ բացառիկ մտավորական, որի ընկերությունն ու վստահությունը կանխորոշեցին իր հետագա ստեղծագործական և մարդկային ճակատագիրը։ Այդ ազդեցությունը Խաչատրյանի արվեստում չի վերածվում ընդօրինակման․ այն դառնում է մտածողության ազատության, նորի որոնման և արվեստի հանդեպ անզիջում վերաբերմունքի հիմք։ Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործական աշխարհը կառուցված է ոչ թե արտաքին տպավորությունների, այլ ներքին տեսողության վրա։ Նրա յուրաքանչյուր աշխատանք հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն դիտել, այլ մտնել տարածության, ձևի և գաղափարի փոխհարաբերությունների մեջ։ Այդ պատճառով նրա արվեստը ժամանակի ընթացքում չի կորցնում իր արդիականությունը․ այն շարունակում է բացահայտվել յուրաքանչյուր նոր դիտողի համար՝ պահպանելով իր մտավոր խորությունն ու գեղարվեստական ազդեցությունը։ Այսօր Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը հայ ժամանակակից արվեստի կարևորագույն արժեքներից է։ Այն վկայում է, որ իսկական արվեստը ծնվում է ազատ մտքից, անսահման որոնումից և կատարելության հանդեպ անսասան հավատից՝ դառնալով մշակութային հիշողության կենդանի մաս և շարունակելով ներշնչել նոր սերունդներին։ Կից ներկայացված լուսանկարում՝ Ռուդոլֆ Խաչատրյանի «Բազմաչափ օբյեկտ» ստեղծագործությունն է (2001 թ.)։

Պոլ Կիրակոսյան․ արվեստը՝ որպես մարդու և տիեզերքի միջև կապ
«Արվեստն ավելի մեծ է, քան ես, քան ցանկացած նկարիչ։ Ես հավերժ կմնամ աշակերտ»։ Այս խոսքերը ոչ միայն Պոլ Կիրակոսյանի ստեղծագործական հավատամքն են, այլև նրա ողջ արվեստի բանալին։ Նկարիչը արվեստը չէր ընկալում որպես ինքնադրսևորման միջոց կամ մասնագիտական վարպետության ցուցադրում։ Նրա համար արվեստը մարդու հոգևոր գոյության անփոխարինելի պայմանն էր՝ այն «թթվածինը», առանց որի անհնար է մտածել, զգալ և ճանաչել աշխարհը։ Կիրակոսյանի գեղարվեստական աշխարհում մարդը կենտրոնական կերպարն է։ Սակայն նա պարզապես պատկերված մարմին չէ, այլ բնության և տիեզերքի միջև գոյացող կենդանի կամուրջ։ Նկարիչը հավատում էր, որ հենց մարդու ներկայությունն է աշխարհին հաղորդում իմաստ, կերպար և անուն։ Այդ պատճառով նրա կտավներում մարդկային կերպարները հաճախ դուրս են գալիս անհատի սահմաններից՝ դառնալով համամարդկային, ժամանակից անկախ խորհրդանիշներ։ Լիբանանցի արվեստաբան Ժոզեֆ Թարաբը Կիրակոսյանի արվեստի էությունը բնութագրում է որպես մշտական երկիմաստության հավասարակշռություն՝ ֆիգուրատիվի և աբստրակցիայի նուրբ սահմանագծին։ Այդ սահմանը ոչ թե բաժանում է, այլ միավորում իրականն ու վերացականը։ Կիրակոսյանի գեղանկարչության մեջ ձևերը ճանաչելի են, սակայն երբեք ամբողջությամբ չեն սահմանափակվում նյութականով։ Դրանք վերածվում են գույնի, լույսի և ներքին ռիթմի լեզվի, որտեղ կոնկրետը դառնում է վերացական, իսկ վերացականը՝ շոշափելի ու կենդանի։ Նրա ստեղծագործություններում գույնը չի ծառայում միայն ձևի նկարագրությանը։ Այն ինքնուրույն արտահայտչամիջոց է, հոգեվիճակ, ներքին երաժշտություն։ Լուսավոր, հագեցած երանգները ստեղծում են մի տարածություն, որտեղ ժամանակը կարծես դադարում է գոյություն ունենալուց։ Անցյալը, ներկան և ապագան միահյուսվում են մեկ ամբողջության մեջ՝ հաստատելով նկարչի այն համոզմունքը, որ արվեստը, արևի նման, լուսավորում է մարդկային գոյության բոլոր ժամանակները։ Պոլ Կիրակոսյանի արվեստը դուրս է ազգային կամ ժամանակագրական սահմանումներից։ Այն համամարդկային լեզու է, որը խոսում է արժանապատվության, հիշողության, սիրո և հավերժության մասին։ Նրա ստեղծագործություններում մարդը դառնում է ոչ միայն բնության մասնակից, այլև դրա ստեղծարար շարունակությունը՝ երկնքի և երկրի միավորող ուժը, հայելին և ստեղծողը։ Այսօր Պոլ Կիրակոսյանի արվեստը շարունակում է հուզել ու ներշնչել տարբեր սերունդների արվեստասերների, քանի որ այն հիմնված է մի գաղափարի վրա, որը երբեք չի կորցնում իր արդիականությունը․ արվեստը մարդկային գոյության ամենաբարձր արտահայտությունն է, իսկ մարդը՝ այդ արվեստի հավերժական կենտրոնն ու իմաստը։ Լուսանկարում՝ Պոլ Կիրակոսյանի «Մայրություն» ստեղծագործությունն է, որը ներկայացված է Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրությունում։

Իրերի լեզուն Հակոբ Հակոբյանի արվեստում
Նկարչի ներսում պետք է արթնանա մի առանձնահատուկ զգացողություն, որի շնորհիվ միայն նա կկարողանա տեսնել այն, ինչ հետագայում պիտի արտահայտի կտավի վրա։ Այստեղ վարպետությունը վճռորոշ չէ։ Այդ վեցերորդ զգայարանը հատուկ է միայն իսկական արվեստագետին, և այն պետք է ժամանակ ունենա հասունանալու ու արթնանալու։ Փորձում եմ բառերով փոխանցել մի հոգեվիճակ, որը գրեթե անհնար է նկարագրել։ Ոմանք տարիներ շարունակ մասնագիտորեն զբաղվում են գեղանկարչությամբ, սակայն այդպես էլ մնում են արհեստավորի մակարդակում՝ պարզապես պատվեր կատարողներ։ Իսկ ինձ արվեստում ամենից շատ հուզում է մարդու կերպարը, որովհետև այս կարճատև կյանքում ամեն ինչ՝ ուրախությունն ու տխրությունը, երջանկությունն ու վիշտը, ծնվում են մարդկանցից, մեր փոխհարաբերություններից։ Մարդկանց հետ առնչվելով, նրանց առօրյայի մասնիկը դառնալով, օգտագործվելով, մաշվելով ու փոխվելով՝ իրերն էլ կարծես կլանում են նրանցից ինչ-որ բան։ Այն առարկաները, որոնք նախկինում պատկերում էի, յուրօրինակ նմանություն ունեին այն մարդկանց հետ, ովքեր ինձ հոգեհարազատ էին։ Եվ նույնիսկ նատյուրմորտներ ստեղծելիս ես կրկին պատմում էի մարդկային ցավի, անզորության ու տխրության մասին։ Օրինակ՝ ինձ միշտ խորապես հուզել են ծաղկամանի մեջ տնկված ծաղիկները, որոնք օրեցօր չորանում են, մարում, ապրում իրենց վերջին տագնապը։ Իսկ այսօր իմ նատյուրմորտների համար ընտրում եմ այնպիսի առարկաներ, որոնք հենց որ հայտնվում են կտավի վրա, կարծես ժխտում են նատյուրմորտի մասին ընդունված պատկերացումը։ Ահա, օրինակ, սեղանին անփույթ նետված ձեռնոցները։ Դրանք պարզապես անշարժ առարկաներ չեն, այլ գործողության մեջ գտնվող, գրեթե շնչող էակներ։ Կարծես զգացվում է նրանց փոխադարձ ձգտումը՝ մոտենալու, հաղորդակցվելու, միմյանց հետ երկխոսելու։ Նույնը կարելի է ասել նաև գործիքների մասին։ Աքցանները, կտրիչներն ու տափակաբերան աքցանները երբեմն այնպես են դասավորվում, որ դրանց բռնող հատվածը հիշեցնում է մարդու բերանը՝ կարծես պատրաստ խոսելու կամ լռությամբ ինչ-որ բան արտահայտելու։ Նույնիսկ աթոռին անփույթ գցված վերարկուն կարող է հիշեցնել իր տիրոջը, վերակենդանացնել նրա ներկայությունը և փոխանցել այն զգացումները, որոնք նա թողել է իր հետևից։ Լուսանկարում հեղինակի «Ձկնորսը» կտավն է։

ԳԱՐԶՈՒ (Գառնիկ Զուլումյան)
Յուրաքանչյուր նկարիչ ստեղծում է իր աշխարհը, իր տիեզերքը։ Այդ աշխարհը հիմնված է իրական զգացողությունների վրա, սակայն այն արդեն անիրական է, քանի որ այդ աշխարհում հնարավոր չէ ապրել։ Աբստրակտ արվեստը չպետք է կապել որևէ ուղղության կամ հոսանքի հետ։ Բոլոր նկարիչները՝ սկսած ժայռապատկերների հեղինակներից մինչև մեր օրերը, ձգտել են ստեղծել իրենց սեփական աշխարհը՝ իրենց միկրոտիեզերքը, որը նման չէ շրջապատող իրականությանը և կյանքի պարզ կրկնօրինակը չէ։ Վերմեերը, իմ կարծիքով, բնությանը ամենահավատարիմ նկարիչներից մեկն է, բայց նա նույնպես շատ հեռու է բնության ընդօրինակումից։ Եթե ճշգրտորեն վերարտադրենք նրա կտավներից մեկի միջավայրը, նույնությամբ ստեղծենք ֆոնը, հագուստը, նատյուրմորտը և լուսանկարենք այն, ապա կդառնանք միայն բնության լիովին աբստրակտացված պատկերի վկաները։ Իմ կարծիքով՝ Վերմեերն ավելի աբստրակտ է, քան Մատիսը։ «Իզմերը», ուղղությունները հայտնվում և անհետանում են տիեզերական արագությամբ։ Ժամանակակից ձեռներեց գործարարներն արդեն հասել են նրան, որ ստեղծում են իրենց «ստեղծագործությունները»՝ առանց ներկերի, վրձինների և կտավի։ Կարելի՞ է արդյոք այդպիսի «արվեստը» անվանել կերպարվեստ։ Յուրաքանչյուր նկարիչ կգտնի այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե կարողանա ստեղծել իր աշխարհը՝ չփորձելով հասնել ուրիշների նվաճումներին, այլ առավելապես լսելով բնությանը։ Փոքրիկ ճանճն իր էությամբ ավելի սերտ է կապված բնության հետ, որովհետև նրա մեծ մասը բնական է, և նա չի գիտակցում իր՝ ճանճ լինելու փաստը։ Իսկ մենք՝ մարդիկ, ինքնահավանորեն կարծում ենք, թե տիրապետում ենք բնությանը։ Այժմ մենք տեխնիկապես շատ ենք զարգացել, յուրացրել ենք տիեզերքը, թռել ենք Լուսին, և մեզ թվում է, թե տիրել ենք ամբողջ տիեզերքին ու ճանաչել այն։ Սակայն բնությունից կտրվելով՝ մենք ստեղծում ենք տեխնիկայով շրջապատված աշխարհ, որը, ցավոք, միշտ չէ, որ ծառայում է մարդուն և երկրային կյանքին։ Ահա թե ինչու ես չեմ զբաղվում ժամանակակիցների ստեղծագործությամբ. ավելի շատ ներշնչանք եմ ստանում Կերենչիոյից, Միլլեից և Վատտոյից, որոնք ինձ ավելի հարազատ են, քան, օրինակ, Բրակը։ Միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցների առջև ես շատ ավելի մեծ ուժ եմ ստանում… Լուսանկարում հեղինակի «Ալ կարմիր սենյակ» ստեղծագործությունն է։

Արտո Չաքմաչքյանը կդառնար 93 տարեկան
Արտո Չաքմաքչյանի անունը սերտորեն կապված է 20-րդ դարի երկրորդ կեսի այն նշանավոր ստեղծագործողների հետ, ովքեր քաղաքացիական խիզախություն ունեցան դուրս գալու պաշտոնական աջակցություն վայելող սոցիալիստական ռեալիզմի շրջանակներից և իրենց ժամանակին համահունչ ստեղծագործությամբ, նոր ձևերով ու գաղափարներով հարստացնելու հայկական ժամանակակից արվեստը։ Չաքմաքչյանը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, թեև ամուր կապված էր հայկական ավանդական քանդակագործության բազմազան ձևերին, ինչպես նաև ժամանակակից մշակույթի համաշխարհային միտումներին։ Դեռևս Հայաստանում ստեղծագործելու տարիներին Արտոյի «պլաստիկական» գաղափարը հստակ էր՝ ձևերի ազատ փոխակերպում, դրանց տարածական զարգացում, դինամիկ և ասոցիատիվ պատկերների համադրում ու հակադրում՝ հենվելով բազմիմաստության և խորհրդանշականության վրա։ 1976 թվականից Արտոն ապրում և ստեղծագործում էր Մոնրեալում՝ նվաճելով նոր ստեղծագործական բարձունքներ և ձեռք բերելով ավելի լայն միջազգային ճանաչում։ Վարպետը մահացավ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Լուսանկարում «Մայրիկի դիմանկար» քանդակն է։

Հենրիկ Իգիթյանը՝ Իոսիֆ Կարալյանի մասին
Կարալյանի ստեղծագործությունը յուրատեսակ հուզիչ կարոտ է դեպի մանկության երկիրը, որը կարելի է այցելել միայն երազում և երևակայության մեջ, քանի որ այն այլևս գոյություն չունի։ Յուրաքանչյուր մարդու մանկությունը, ինչպես նաև նրա ժամանակաշրջանը, անկրկնելի են, անկրկնելի են նաև ապրած զգացողությունները, և դրանք տեսողական կերպով պահպանվում են հիմնականում կերպարվեստում։ Այսպիսով, Կարալյանը հայկական գեղանկարչություն բերեց նոր ժանր՝ հիշողությունների ժանրը։ Հետագայում այդ ուղղությունը շարունակեցին Հակոբ Անանիկյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։ Ինչպես գրականության մեջ բարձր են գնահատվում հուշագրությունները, այնպես էլ դրանք լիովին բնական և արդարացված են կերպարվեստում։ Առանձնապես արժեքավոր են այն մարդու ստեղծագործությունները, ով անցել է սայլերի ու կերոսինային լամպերի ժամանակներից մինչև տիեզերական դարաշրջանի սկիզբը և կարողացել է իր ժամանակի բարձրությունից հայացք նետել անցյալին։ Կարալյանը բովանդակության նկարիչ է։ Նա երբեք ձևականորեն չի վերաբերվում պատկերման առարկային. ձևը թելադրվում է սյուժեով և այն մոտիվով, որի վրա նա կանգ է առնում։ Սա նրա ստեղծագործությունների գլխավոր արժանիքն է։ Դրանք առանձնանում են խոր պատկերավորությամբ և յուրաքանչյուր կտավին տալիս են հիշվող, ինքնատիպ բնութագիր։ Կարալյանի համար անցյալը կիսամոռացված հիշողությունների առանձին դրվագներ կամ տեսարաններ չեն։ Դա փաստերի անընդհատ շղթա է, որը միաձուլվում է մեկ ամբողջական ու անկրկնելի գեղարվեստական կերպարի մեջ։ Նրա ստեղծագործությունը բաղկացած է առանձին, ինքնուրույն գործերից, սակայն դրանք անքակտելիորեն կապված են ընդհանուր գաղափարով՝ կյանքի մեկ մեծ գրքի գլուխների պես։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ինքնին գեղարվեստական արժեք ունի, սակայն ամբողջ ստեղծագործության համատեքստում դրա նշանակությունը կրկնապատկվում է։ Նկարիչը կարողացել է իր սերունդների համար պահպանել իր ժողովրդի կենսագրության ամենահետաքրքիր էջերը, ժողովրդի, որի հետ անքակտելիորեն կապված է եղել նրա ողջ կյանքը։ Հեղինակի միտքը «Վերցրեք մի ծեր ջրաղացպանի փայտը․ դրա թեթևակի կորացած գլխիկը տիրոջ ձեռքերի շփումից ամբողջովին հղկվել է, իսկ քրտինքից ստացել է խորը սաթագույն երանգ։ Երևակայություն ունեցող մարդու մոտ, երբ նա նայում է այդ փայտի գլխիկին, առաջանում է պատկերների, հիշողությունների և ասոցիացիաների մի ամբողջ շարք։ Այնուհետև մտեք գալանտերիայի խանութ և խնդրեք գործարանային արտադրության ձեռնափայտ․ ոչ մի պատկեր, լուռ փայտ։ Ահա թե ինչու ցանկացած իսկական հնագիտական առարկա այդքան մեծ տպավորություն է թողնում։ Այդ իրերի մեջ կա ժամանակ և ինչ-որ մեկի հոգին»։
