384fe967-d3b6-49f0-936e-e10565863c12

«Չորս տարերքներ» — Արմինե Թումանյան — անհատական ցուցահանդես

Ցուցահանդեսը ներկայացնում է աբստրակտ նկարների շարք՝ ներշնչված չորս տարերքներից՝ հող, ջուր, օդ և կրակ։ Յուրաքանչյուր աշխատանք ուսումնասիրում է տարերքների ոչ թե տեսանելի ձևը, այլ դրանց հոգեբանական և զգայական ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։
Գույների, ձևերի և շարժման միջոցով ստեղծված աշխատանքները բաց են անձնական մեկնաբանության համար՝ հրավիրելով դիտողին զգալ ու ոչ թե պարզապես դիտել։ Ցուցահանդեսը հարթակ է մտորումների, ներքին հավասարակշռության և ինքնաճանաչման համար։
Բացումը
📅 Մարտի 5
🕠 Ժամը 17:30
📍 Ժամանակակից արվեստի թանգարան
Ցուցահանդեսը բաց է
📅 Մինչև մարտի 22
🕚 Երեքշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00
Սիրով սպասում ենք ձեզ՝ զգալու չորս տարերքների ներքին շարժումը։
Մինչ հանդիպում ✨
625344602_1195515759456402_3624087063648180795_n

«Պատուհաններ» Հայդուկ Սմբատյան — անհատական ցուցահանդես

Փետրվարի 11–ին, ժամը 17։30-ին սիրով հրավիրում ենք Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» ցուցահանդեսի բացմանը։
Հայդուկի ավելի լիրիկական, հոսուն, բիոմորֆ աբստրակցիոնիզմն այս ցուցահանդեսի մի անկյան տակ ներկայացնում ենք պատուհանների ցանցի սկզբունքով՝ համակցված, համակարգված մի միտումով. այն է՝ բացահայտելու այդ աշխատանքների ներքին դինամիկ ստրուկտուրան՝ անկախ բնության կամ աշխարհի արտաքին ֆորմաներից։
615912202_1181258357548809_8770534542146707812_n

«Սիրո ԴՆԹ» Նանա Արամյան — անհատական ցուցահանդես

Սիրո ԴՆԹ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է հունվարի 23-ին՝ ժամը 18:00-ին
Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացմանը։
–––
Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսը փոխհարաբերության մասին է՝ որպես անտեսանելի, սակայն հզոր կառուցվածք, որը միավորում է երկու անհատների՝ անկախ հեռավորությունից կամ տեսանելիությունից։
Ցուցահանդեսի կենտրոնում է մոնումենտալ եռապատկերը՝ «Սիրո ԴՆԹ», արվեստագետի երկրորդ հավակնոտ մեծամասշտաբ աշխատանքը, որտեղ երկու կերպարներ ապրում են տարբեր աշխարհներում, սակայն կապված են փխրուն, մեծ ջանք պահանջող սիրո դաշտով։
Ցուցահանդեսի մեկնակետը «Գիշերային շղարշ» ստեղծագործությունն է՝ կյանքի, ժամանակի և ներքին վերափոխման մասին մտորումներով, որից հետո ուշադրությունը տեղափոխվում է սիրո և տղամարդու ու կնոջ փոխհարաբերության թեմային։ Զույգերին պատկերող աշխատանքները, Դիմակահանդես շարքը և մեծամասշտաբ թվային «Կիբերպանկ Վեներա »-ն՝ սիրո գաղափարը թվային դարաշրջանում, ստեղծում են միասնական պատմություն։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև ամբողջովին նոր գործեր, ստեղծված հատուկ այս նախագծի համար, որոնք անսպասելիորեն կզարմացնեն անգամ արվեստագետի ստեղծագործությանը ծանոթ հանդիսատեսին։
601831833_1161406926200619_4284257206349608776_n

«2020» — Լուսինե Նաղդալյան — անհատական ցուցահանդես

«2020» խորագրով նախագիծը ստեղծվել է 2020-ից մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում։ Մեդիա տեռոր… բողոքի ցույցեր… ընտրություններ… պատերազմ… հետպատերազմյան մղձավանջ…
Ստեղծագործական այս շարքը հանդիսանում է հեղինակի անձնական արխիվը, որը նա պահպանում և կրում է իր մեջ՝ հիշողությունների, հույզերի և իրադարձությունների տեսքով։ Այն տեսողական օրագրերի, պատմությունների, մտորումների և ուրվագծերի շարք է, որոնք միաժամանակ պատմում են այն վայրի և ժամանակի մասին, որտեղ մենք ապրում ենք։
Արվեստագետն աշխատում է խառը տեխնիկայով՝ նախ ստեղծելով թվային պատկերներ, դրանք անճանաչելիորեն փոփոխելով, ապա աշխատելով ակրիլով։ Ակրիլը այստեղ ոչ միայն վերջնական հպում կամ ուղղում է, այլև ինքնուրույն շերտ, որը կարող է ամբողջությամբ վերակառուցել պատկերը կամ, հակառակը, տպագրության հետ համակեցություն հաստատել՝ հանդես գալով որպես հավասարազոր տարր։
Նախագիծը ներկայացվել է նաև Բաթումիի Աջարիայի պետական արվեստի թանգարանում՝ 2025 թվականի սեպտեմբերին։
Այժմ այն կներկայացվի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
577596456_1129732106034768_9125076057387687036_n

«6-րդ զգայարան» — Արթուր Դուրգարյան (Durgo)

«6-րդ զգայարան» ՝ ճանապարհ դեպի տեսանելիի սահմաններից դուրս
Սիրով հրավիրում ենք նոյեմբերի 14-ին ժամը 17:00-ին Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» ցուցահանդեսի բացմանը:
Այս նախագծով՝ արվեստագետը հրավիրում է մեզ խորհելու, բացահայտելու զգացմունքի և անտեսանելի իրականության խորքերը, դուրս գալու տեսանելիի սահմաններից՝ մտնելով խորը զգացմունքային աշխարհ, որտեղ ինտուիցիան դառնում է տեսողություն։
«Արվեստը միշտ էլ ավելին է, քան այն, ինչ տեսնում ենք», — նշում է Արթուր Դուրգարյանը։ — «Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»։
Ցուցահանդեսը կգործի 2025թ. նոյեմբերի 14-ից մինչև 23-ը:
550834526_1091288773212435_1528229453539192923_n

“Խորը կարմիր” — Լեո Լեո Վարդանյան

Խորը կարմիրը թույլ է տալիս մեզ գիտակցել անսահմանը՝ առանց կորցնելու սեփական փորձը։ Սա խորը հայացք է դեպի ներս, որտեղ անձնականն ու անսահմանը համընկնում են՝ առանց միմյանց ոչնչացնելու։ Եվ գուցե հենց այս զուգադիպության մեջ է թաքնված իրական ինքնաճանաչումը:
Առաջին անգամ սիրահարվեցի կարմիրի խորությանը, երբ մայրս բալի կոմպոտ էր պատրաստում։ Ես երբեք չէի շտապում խմել այն՝ հիանում էի նրա խորությամբ։ Մանկուց զգում էի, որ գույնը միայն տեսողական երևույթ չէ, այլ ավելին՝ մարմին, հիշողություն, գիտակցություն։ Այս շարքը նման է մի ընթացքի, որտեղ գույնը խտանում է տարածության մեջ և ճեղքում մակերեսը։ Այստեղ կարևորը կարմիրի ագրեսիվ ուժը չէ, այլ նրա հմայիչ խորությունը։ Ես պեղել եմ կարմիրը որպես ժամանակի տարր. այն կարող է լինել խիտ, թափանցիկ, տաք՝ նույնիսկ այրող։ Սա մի տարածություն է, որտեղ դու չես նայում, այլ մտնում ես՝ ինչպես հիշողության, հոտի, տաք օդի, ինչ-որ մեկի լուռ ներկայության կամ բացակայության մեջ։
Ցուցահանդեսը բաց է հոկտեբերի 7-31-ը։
Բացումը հոկտեմբերի 7-ին, ժ․ 18։30-ին
ֆբ

Manga Hokusai Manga

ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է “Manga Hokusai Manga” ցուցահանդեսին, որը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ Ճապոնիայի հիմնադրամի, ՀՀ Ճապոնիայի դեսպանատան կողմից, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի աջակցությամբ:
Ճապոնիայի հիմնադրամը մշակութային գործակալություն է, որը հիմնադրվել է 1972 թվականին խթանելու մշակութային արժեքների փոխըմբռնումը: Հիմնադրամը ակտիվ է բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են արվեստի և մշակութային փոխանակման նախագծերի վերահսկումը, արտասահմանում ճապոներեն լեզվի ուսուցման խթանումը և երկխոսության խրախուսումը ճապոներենի ուսումնասիրության և մտավոր փոխանակման միջոցով:
19-րդ դարից ի վեր Hokusai Manga-ն առաջացնում է մեծ հետաքրքրություն: Ներկայիս ցուցահանդեսը հրավիրում է այցելուներին խորհել մանգայի վերաբերյալ իրենց սեփական պատկերացումների մասին՝ տարբեր ժամանակաշրջանների գործերը համեմատելով և դրանցում բացահայտելով բազմազանությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 11-30-ը:
528095200_1052580843749895_6581637696492488056_n

Վաչագան Պողոսյան “Գույների շքերթ” անհատական ցուցահանդես

Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է ներկա գտնվելու Վաչագան Պողոսյանի “Գույների շքերթ” անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 9-ին , ժամը 17:00 : Ցուցահանդեսի պատվավոր հյուրն է միջազգային մրցույթների և ՀՀ երիտասարդական մրցանակի դափնեկիր Տիգրան Պետրոսյանը:
event-fb-insta

ԵՐԵՎԱՆ ԱՐՏ ԷՔՍՊՈ 2025

Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու YEREVAN ART EXPO 2025 -ի բացմանը, որին մասնակցում են արվեստագետներ Հայաստան
ից և ԱՄՆ–ից:
————
Համադրողներ՝ Նարինե Իսաջանյան (ԱՄՆ) և Ջուլիան Ջոնսոն (ԱՄՆ)
Հովանավոր՝ Դերյան Productions (Alan Derian, ԱՄՆ)
Կազմակերպիչ՝ Arts Treasures (ոչ առևտրային կազմակերպություն, ԱՄՆ)
Մարքեթինգ՝ Ռաֆայել Ղազարյան
Ցուցահանդեսը աշխատանքը կշարունակի մինչև հուլիսի 24–ը։
504062949_1004901661851147_2733021439819882037_n

Ալբերտ Հակոբյան «Գույնից իդեա — իդեայից գույն»

Հունիսի 6-ին, ժամը 17։30-ին սիրով հրավիրում ենք Ձեզ Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Ալբերտ Հակոբյանի «Գույնից իդեա-իդեայից գույն» ցուցահանդեսի բացմանը։
Համադրող՝ Թաթուլ Առակյան
Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 22-ը։