334189453_1241198879854108_2354601811932188601_n

«Մարսու դռներ» — Րաֆֆի Դավթյան

ՄԱՐԴՈՒ ԴՌՆԵՐ | HUMAN DOORS
Րաֆֆի Դավթյան (Իրան-Հայաստան)
Համադրող` Սուսաննա Գյուլամիրյան
Միջազգային փառատոն #2 | Մարմնի քաղաքականություն
Համա-համադրող` ՖեմԳրադարան
Րաֆֆի Դավթյանի «Մարդու դռներ» խորագրով նախագիծը ներառում է տարածության մեջ ինստալացված, բազմակի պատկերավորությամբ ներկայացված ֆոտո-ֆիգուրներ-մարդկային մարմիններ: Մարմնական ֆիգուրատիվության տարածությունն այս նախագծում բեմականացված է որպես այլաբանական «հանրային ոլորտ», որտեղ գեղարվեստական արտահայտության միջոցով ոչ միայն վերակենդանացվում է սեռի դիսկուրսը, այլև վերաակտուալացվում է սեռային բացառման, համակարգային ճնշումների երևույթը: Ինստալացիան վերածվում է ֆիգուրների «բազմության» մակետի, որոնք «գենդերային անհանգստությամբ» համակված, տեսարժան պոռթկման մեջ ներկայացնում են սեփական սուբյեկտիվությամբ տոգորվածության տեսարանը: Անհանգստացնող դինամիկայի մեջ բեմադրված` յուրաքանչյուր ֆիգուր երևութանում է որպես որոշակի կերպարի կրողը, որոշակի պերսոնաժի, որին կարևոր է «տարբեր», «այլ», «ուրիշ» ու «տարօրինակ» սուբյեկտիվության շարքը դասել, և մարմինները դառնում են մաքուր նշան, մշակութային և սոցիալական դաշտի նշանակող:
Արվեստագետը, ֆիգուրների չնշանակված, չկարգավորված համադասավորության ժեստով ասես ձգտում է բացարձակ ազատությունների ինչ-որ մի «անարխիական» տարածության` որպես աշխույժ վազքի` ճնշումների ու ենթարկումների սահմաններից դուրս գտնվող բաց դաշտի փոխաբերության: Մինչդեռ նախագիծը երթուղիներ է փնտրում և հարցադրում է կապանքների մեջ առնող ինչ-որ վարչական-նորմատիվային պայմանականությունից ազատվելու հնարավորության միտքը, ճնշման «կենտրոնը» ծանրօրեն կախված է յուրաքանչյուր մարմնի վրա:
Յուրաքանչյուր առանձին ինքնության կրողները, որոնց թիվը նախագծում փոքր չէ, իրենց վրա կրում են տիրական հետերոսեռական օրենքի` ֆալոցենտրիզմի բեռը: Յուրաքանչյուր ֆոտո-ֆիգուր սեփական սեռական օրգաններին է սեղմել տեղական դիտողի համար տարօրինակ մի առարկա` դռան մեխանիկական մետաղյա «քուբեհ» (բառը պարսկերեն նշանակում է այն, ինչով խփում, թակում են): Անցյալում քուբեհները Իրանում ունեին ազդանշան տալու, հյուրի գալստյան մասին տեղեկացնելու նշանակություն. դրանք օգտագործվում էին դռները թակելու համար: Քուբեհներն օգտագործում էին նաև սեռային տարբերակման համար. յուրաքանչյուր դռան թակիչ ոճավորված էր ֆալոսի կամ հեշտոցի նմանությամբ: Իրանում դրանք դրվում էին մասնավոր և հանրային հաստատությունների դռների ու դարպասների վրա: Թեև տեխնոլոգիական նորարարությունների ներդրմամբ դրանք գործնականում կորցրել են իրենց կիրառական նշանակությունը` քուբեհներն այժմ էլ ներկա են երկրի հասարակական համատեքստում` ի սեր պահպանողական ծեսերի և գենդերային նախապաշարմունքներով, կարծրատիպերով լի սովորույթների: Սեռային քուբեհները երկրում սկսեցին կիրառվել Իսլամի տարածման հետ: Սեռային տարբերակման այդ խորհրդանիշները թակելիս տարբեր ձայնային ազդանշաններ են հանում. արականը` ցածր և խուլ, իգականը` բարձր և զնգուն: Հյուրընկալողները հնչող ձայնի բնույթից տեղեկանում էին հյուրի սեռական պատկանելության մասին: Եթե այցելուն կին էր, ապա դռան մոտ նրան դիմավորում էր նույն սեռի ներկայացուցիչը և ընդհակառակը: Մյուս կողմից, եթե հյուրընկալողներն իմանում էին անծանոթ տղամարդու գալստյան մասին, ապա տան կանայք պարտավոր էին ծածկվել ոտքից գլուխ…
Քուբեհների`որպես սեռի տարբերակման գործիքի օգտագործման իմացաբանական էֆեկտը նախագծում ստանում է այսպիսի տեսք` կենսաբանական սեռը ենթարկվում է սոցիալական և մշակութային կարգին, սեռային տարբերակումը նախորդում է սոցիալականին և անխուսափելիորեն կախված է սոցիալականից` հղելով ստորակարգության բարձրագույն կետին`«հետերոսեռական օրենքին», որի ներսում, ինչպես համարում է Ջ. Բաթլերը, սուբյեկտիվությունը պերֆորմատիվ է և թատերականացված ձևով վերարտադրում է այդ հետերոսեռական օրենքի տիրական սոցիալական նորմերը: Մարմինը չի սահմանափակվում ֆիզիկականով, ֆիզիկական մարմնի ավարտը դուռ է բացում դեպի սոցիալականը:
Պարսկական քուբեհների օգտագործմամբ` արվեստագետը չի փորձում «տեղայնացնել» խնդիրը: Մարմնի, սեռականության, սուբյեկտիվության մասին ներկայացված «պատմությունը», մեծ հաշվով, ուղղված է դեպի վերազգայինը, համընդհանրականը: Սեռի խնդիրը Րաֆֆի Դավթյանի համար հրատապներից մեկն է` հատկապես հաշվի առնելով արվեստագետի կենսագրական գործոնը և այն երկրի (Իրան) համատեքստը, որտեղ նա ծնվել և ապրում է:
Ինստալացիայի տարածությունը վերածվում է մի շրջանակի, որտեղ «գենդերային անհանգստությունը» ցանկանում է խախտել տրված աշխարհակարգը և հիերարխիայի անսասան հետևողականությունը: Նախագիծը ճնշող կենտրոնից «փախուստի» ու ճնշումների դեմ պայքարի մասին է, նաև` հրավիրում է խորհել իշխող դիսկուրսը սասանող տարակենտրոնացման երթուղիների ու շեմերի շուրջ:
16+
Րաֆֆի Դավթյանը ծնվել է 1971թ. Սպահանում (Իրան), բայց որպես արվեստագետ ձևավորվել է Երևանում, ուր տեղափոխվել է 1996-ին: 2003թ. նա ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
Տարիների ընթացքում Րաֆֆի Դավթյանի մոտ նաև հետաքրքրություն առաջացավ փորձարարական լուսանկարչության նկատմամբ՝ ծնելով մեծ թվով լուսանկարչական գործեր, որոնց կենտրոնական թեման մարդու մարմինն է և սոցիալական կյանքի հետ նրա բազմատեսակ հարաբերությունները: Լայն առումով՝ Րաֆֆի արվեստագետի աշխատանքը կարելի է բնութագրել որպես տարբեր բնագավառների երկխոսություն ավանդական գեղարվեստական պրակտիկաների հետ, դրանց ներսում և դրանց դեմ:
Րաֆֆի Դավթյանի արվեստագիտական կարիերայի համար հատկապես վճռական եղավ 2007 թվականը, երբ սկիզբ առավ նրա բեղմնավոր գործակցությունը համադրող, արվեստի քննադատ, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի նախագահ Սուսաննա Գյուլամիրյանի հետ: Այս գործակցությունը հետագա տարիներին վերածվեց մեծաքանակ նախագծերի շարքի, որի մեկնակետը Րաֆֆիի առաջին գենդերային նախագիծն էր՝ «Մարդու դռներ»-ը:
Թեհրան վերադառնալուց հետո Դավթյանի աշխատանքում տեղի ունեցավ տեղաշարժ: Նրան հետաքրքրում էր ավելի լայն կենսաքաղաքական պարադիգմը, դրա ներգործությունը մարդու մարմնի վրա և ճյուղավորումներն ու դիսկուրսային տնտեսությունը իրանական համատեքստում: Այս տեսանկյունից տիպական էր նրա քաղաքական արվեստի նախագիծը՝ «Հրեշտակի հնարավորությունը», որ նա ներկայացրեց 2011-ին Շարժայի միջազգային բիենալեում (նախագծի համադրող` Սուսաննա Գյուլամիրյան): Ազդվելով Ջ. Ագամբենի՝ homo sacer ժամանակակից սահմանումից և այն հարցերից, որ նա տալիս է օրենքի բնույթի և իշխանության միջև փոխհարաբերության մասին, Րաֆֆին ստեղծում է աշխատանքներ, որոնք բերում են Ագամբենի հարցերը իշխանության ու կրոնի միջև փոխհարաբերությունների և այն մեխանիզմների հետազոտության դաշտ, որտեղ կրոնը ծառայում է որպես լեգիտիմացման մեկնակետ իշխանության համար:
Րաֆֆի Դավթյանն ունեցել է 4 անհատական ցուցահանդես և մասնակցել 21 խմբակային ցուցադրության: 2004թ. նա ճանաչվել է «Միջազգային լուսանկարչական մրցանակներ» մրցույթի (Կալիֆորնիա, ԱՄՆ) հաղթող:
Ցուցադրությունը իրականցվում է Kvinna til Kvinna հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Շնորհակալություն Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրինությանը նախագիծը հյուրընկալելու համար:
Փառատոնի շրջանակում իրականացված արվեստագիտական աշխատանքները ներկայացնում են 1990-ականներից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանը, քանզի ֆեմինիստական շրջանակներում տեղի ունեցած վերջին քննարկումները ընդգծում են անցյալի ստեղծագործական վերամշակումների քաղաքական կարևորությունը՝ հատկապես այն թեմաների համար, որոնք ավանդաբար մարգինալացվել են: Հետևաբար, ցուցադրությունների հետահայաց բնույթը փառատոնի ու պատմական ուսումնասիրության տեսքով խթան կդառնա այնպիսի արխիվի ստեղծման համար, որը կներառի ոչ միայն կանանց, ֆեմինիստական արվեստի ու քննադատության պատմագրությունը, այլև ակտիվիստական շարժման՝ դիտված ֆեմինիստական և քվիր տեսանկյուններից:

 

Comments are closed.