Յուրաքանչյուր նկարիչ ստեղծում է իր աշխարհը, իր տիեզերքը։ Այդ աշխարհը հիմնված է իրական զգացողությունների վրա, սակայն այն արդեն անիրական է, քանի որ այդ աշխարհում հնարավոր չէ ապրել։ Աբստրակտ արվեստը չպետք է կապել որևէ ուղղության կամ հոսանքի հետ։ Բոլոր նկարիչները՝ սկսած ժայռապատկերների հեղինակներից մինչև մեր օրերը, ձգտել են ստեղծել իրենց սեփական աշխարհը՝ իրենց միկրոտիեզերքը, որը նման չէ շրջապատող իրականությանը և կյանքի պարզ կրկնօրինակը չէ։ Վերմեերը, իմ կարծիքով, բնությանը ամենահավատարիմ նկարիչներից մեկն է, բայց նա նույնպես շատ հեռու է բնության ընդօրինակումից։ Եթե ճշգրտորեն վերարտադրենք նրա կտավներից մեկի միջավայրը, նույնությամբ ստեղծենք ֆոնը, հագուստը, նատյուրմորտը և լուսանկարենք այն, ապա կդառնանք միայն բնության լիովին աբստրակտացված պատկերի վկաները։ Իմ կարծիքով՝ Վերմեերն ավելի աբստրակտ է, քան Մատիսը։ «Իզմերը», ուղղությունները հայտնվում և անհետանում են տիեզերական արագությամբ։ Ժամանակակից ձեռներեց գործարարներն արդեն հասել են նրան, որ ստեղծում են իրենց «ստեղծագործությունները»՝ առանց ներկերի, վրձինների և կտավի։ Կարելի՞ է արդյոք այդպիսի «արվեստը» անվանել կերպարվեստ։ Յուրաքանչյուր նկարիչ կգտնի այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե կարողանա ստեղծել իր աշխարհը՝ չփորձելով հասնել ուրիշների նվաճումներին, այլ առավելապես լսելով բնությանը։ Փոքրիկ ճանճն իր էությամբ ավելի սերտ է կապված բնության հետ, որովհետև նրա մեծ մասը բնական է, և նա չի գիտակցում իր՝ ճանճ լինելու փաստը։ Իսկ մենք՝ մարդիկ, ինքնահավանորեն կարծում ենք, թե տիրապետում ենք բնությանը։ Այժմ մենք տեխնիկապես շատ ենք զարգացել, յուրացրել ենք տիեզերքը, թռել ենք Լուսին, և մեզ թվում է, թե տիրել ենք ամբողջ տիեզերքին ու ճանաչել այն։ Սակայն բնությունից կտրվելով՝ մենք ստեղծում ենք տեխնիկայով շրջապատված աշխարհ, որը, ցավոք, միշտ չէ, որ ծառայում է մարդուն և երկրային կյանքին։ Ահա թե ինչու ես չեմ զբաղվում ժամանակակիցների ստեղծագործությամբ. ավելի շատ ներշնչանք եմ ստանում Կերենչիոյից, Միլլեից և Վատտոյից, որոնք ինձ ավելի հարազատ են, քան, օրինակ, Բրակը։ Միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցների առջև ես շատ ավելի մեծ ուժ եմ ստանում…
Լուսանկարում հեղինակի «Ալ կարմիր սենյակ» ստեղծագործությունն է։
Հոդվածներ
ԳԱՐԶՈՒ (Գառնիկ Զուլումյան)
30.06.2026
Յուրաքանչյուր նկարիչ ստեղծում է իր աշխարհը, իր տիեզերքը։ Այդ աշխարհը հիմնված է իրական զգացողությունների վրա, սակայն այն արդեն անիրական է, քանի որ այդ աշխարհում հնարավոր չէ ապրել։ Աբստրակտ արվեստը չպետք…

