Ամառային արձակուրդների վերջին շաբաթը Ժամանակակից արվեստի թանգարանում դարձավ ստեղծագործական, գունեղ ու հիշարժան։
Թանգարանում տեղի ունեցավ կավագործության աշխատարան, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալու կավի հետ աշխատանքի հետաքրքիր գործընթացին և սեփական ձեռքերով ստեղծելու յուրօրինակ աշխատանքներ։ Աշխատարանի ընթացքում երեխաները ազատորեն փորձարկեցին, ձևավորեցին կավը, բացահայտեցին իրենց գաղափարներն ու դրանք վերածեցին իրական առարկաների։
Ստեղծագործական գործընթացը վերածվեց հետաքրքիր բացահայտումների․ յուրաքանչյուր մասնակից կավին հաղորդեց իր երևակայությունն ու անհատական մոտեցումը՝ ստեղծելով ինքնատիպ աշխատանք։
Օրվա ամենահաճելի ավարտը դարձավ այն, որ մեր փոքրիկ արվեստագետները կարողացան իրենց ստեղծած աշխատանքները տուն տանել՝ պահպանելով այդ օրվա ջերմ ու ստեղծագործական հիշողությունը։
Կավագործության աշխատարանը ևս մեկ առիթ էր արվեստը ոչ միայն դիտելու, այլև սեփական ձեռքերով զգալու ու ստեղծելու համար։

