Նախագծեր

«ԷԴԵՆ». ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՏԱՐԱԾՔԸ

Արման Թադևոսյան • Գագո Չթչյան • Հերմինե Դեմիրո
Համադրող՝ Էմմանուել Կոստե

Սեպտեմբերի 17-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Էդեն» համատեղ ցուցահանդեսը մեկ տարածքում հանդիպեցնում է երեք արվեստագետների ստեղծագործական աշխարհները՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ հիշողությունը, հայրենիքը, սերը և վերադարձի ձգտումը միահյուսվում են։

«Էդենը» այստեղ ոչ թե կոնկրետ վայր է կամ ժամանակային հատված, այլ ներքին վիճակ՝ երազանքի և հայտնության, տեսանելիի և անտեսանելիի միջև գոյություն ունեցող տարածություն։ Այն մի վայր է, որին հնարավոր է հասնել ոչ այնքան ֆիզիկական ճանապարհով, որքան հիշողության, զգացողության և արվեստի միջոցով։

Երեք արվեստագետների աշխատանքների համադրությունը կառուցվում է տարբեր գեղարվեստական լեզուների երկխոսության վրա։ Նրանց ստեղծագործական անհատականությունները չեն լուծվում մեկ ընդհանուր ոճի մեջ, այլ պահպանելով իրենց ինքնուրույնությունը՝ ստեղծում են մեկ ամբողջական պատկերային միջավայր։ Այդ տարբերությունների հանդիպումն ինքնին դառնում է ցուցահանդեսի կարևոր ասելիքը՝ բազմազանության, ազատության և համակեցության մասին։

«Էդենում» հայրենիքը ներկայանում է ոչ միայն որպես աշխարհագրական տարածք, այլև որպես ներքին և հավաքական լանդշաֆտ։ Այն ապրում է հիշողության մեջ՝ որպես պատկանելիության զգացում, մանկության հետք, կորսված կամ վերագտնվող տարածք։ Այս մոտեցման մեջ հայրենիքը դառնում է ոչ թե քարտեզի վրա նշված վայր, այլ մարդու ինքնության մաս։

Այստեղից էլ բխում է ցուցահանդեսի մյուս կարևոր շարժումը՝ վերադարձը։ Սակայն այդ վերադարձը պարզապես անցյալին վերադառնալ չէ։ Այն ճանապարհ է դեպի ակունքներ, դեպի այն փորձառություններն ու զգացողությունները, որոնք ձևավորել են անհատական և հավաքական հիշողությունը։ Արվեստը այս ճանապարհին հանդես է գալիս որպես վերապրման և վերաիմաստավորման միջոց։

Սիրո գաղափարը նույնպես դուրս է գալիս զուտ անձնական զգացմունքի սահմաններից։ Այն դառնում է կապի և պատկանելիության ուժ՝ այն, ինչ հնարավորություն է տալիս պահպանել հիշողությունը, վերագտնել կորցրածը և շարունակել հարաբերությունը սեփական աշխարհի հետ։

«Էդեն» անվան առանձնահատուկ հնչերանգ է ստանում նաև Գյումրվա բարբառային ընկալման մեջ․ «այնտեղ», «այդինը»՝ մի վայր, որը միաժամանակ հեռու է և հարազատ։ Այդ «այնտեղը» կարող է լինել մանկության տունը, հայրենիքը, կորուսյալ ժամանակը կամ մարդու ներքին աշխարհը։ Վերնագրի այս երկիմաստությունը ցուցահանդեսի գաղափարը դարձնում է ավելի անձնական ու կենդանի։

Ի վերջո, «Էդենը» ճանապարհորդություն է դեպի այն սահմանագիծը, որտեղ անձնական հիշողությունը հանդիպում է հավաքական փորձառությանը։ Այստեղ արվեստը ոչ միայն պատմում է կորուստի, հայրենիքի կամ վերադարձի մասին, այլ ստեղծում է մի տարածք, որտեղ դրանք հնարավոր է զգալ։

Գուցե «Էդենը» հենց այն վայրն է, որին հնարավոր չէ վերջնականապես հասնել։ Բայց արվեստի միջոցով հնարավոր է կրկին մոտենալ նրան՝ հիշելով, զգալով և վերադառնալով սեփական ակունքների մոտ։