Արտո Չաքմաքչյանի անունը սերտորեն կապված է 20-րդ դարի երկրորդ կեսի այն նշանավոր ստեղծագործողների հետ, ովքեր քաղաքացիական խիզախություն ունեցան դուրս գալու պաշտոնական աջակցություն վայելող սոցիալիստական ռեալիզմի շրջանակներից և իրենց ժամանակին համահունչ ստեղծագործությամբ, նոր ձևերով ու գաղափարներով հարստացնելու հայկական ժամանակակից արվեստը։
Չաքմաքչյանը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, թեև ամուր կապված էր հայկական ավանդական քանդակագործության բազմազան ձևերին, ինչպես նաև ժամանակակից մշակույթի համաշխարհային միտումներին։
Դեռևս Հայաստանում ստեղծագործելու տարիներին Արտոյի «պլաստիկական» գաղափարը հստակ էր՝ ձևերի ազատ փոխակերպում, դրանց տարածական զարգացում, դինամիկ և ասոցիատիվ պատկերների համադրում ու հակադրում՝ հենվելով բազմիմաստության և խորհրդանշականության վրա։
1976 թվականից Արտոն ապրում և ստեղծագործում էր Մոնրեալում՝ նվաճելով նոր ստեղծագործական բարձունքներ և ձեռք բերելով ավելի լայն միջազգային ճանաչում։ Վարպետը մահացավ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։
Լուսանկարում «Մայրիկի դիմանկար» քանդակն է։

