671869220_1253983623609615_5540273207403408556_n

«Հույզեր, լռություն և ժամանակ» — Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան

Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան
Հույզեր, լռություն և ժամանակ
Ապրիլի 22–ին, ժամը 18։00-ին սիրով հրավիրում ենք Ժամանակակից արվեստի թանգարան ներկա գտնվելու Ռուբեն Բաբայանի և Ռուզաննա Խալաթյանի «Հույզեր, լռություն և ժամանակ» ցուցահանդեսի բացմանը։
Ռուբեն Բաբայան և Ռուզաննա Խալաթյան՝ երկու ստեղծագործ անհատներ, որոնց համատեղ կյանքն ու արվեստը ձգվում են ավելի քան չորս տասնամյակ: Ներկայանալով մեկ ցուցահանդեսի շրջանակներում ՝ արվեստագետները միաձուլում , միավորում են մի ներքին հոսքի մեջ գեղանկարչությունը և գոբելենը՝ արտահայտելով համատեղ ապրած ժամանակի, տեսածի, զգացածի և լռության մեջ հասունացած մտքերը:
Այս ցուցահանդեսում հանդիպում են երկու տարբեր, բայց ներքուստ հարազատ մոտեցումներ։ Ռուբեն Բաբայանի կտավներում լույսն ու ստվերը դառնում են ոչ միայն պատկերային միջոց, այլ մտածողության ձև՝ բացահայտելով մարդու ներաշխարհը, ներքին լարվածությունն ու ժամանակի հետ նրա երկխոսությունը։ Նույն այդ ներքին շարժումը, այլ նյութականությամբ ու տեխնիկական լեզվով, շարունակվում է Ռուզաննա Խալաթյանի գոբելեններում, որտեղ գույնը ձեռք է բերում շոշափելի ծավալ, իսկ գործվածքը՝ ժամանակի շերտավորում։
Մարդը՝ իր ներքին երկվությամբ, հույզերով, սպասումով ու հիշողությամբ, նրանց արվեստի առանցքային թեմաներից է։ Երբեմն այդ մարդը հայտնվում է հստակ կերպարի մեջ, երբեմն՝ վերածվում է գույնի, կառուցվածքի կամ ռիթմի։ Լույսն ու գույնը, ձևն ու նյութը դառնում են նույն պատմության տարբեր արտահայտություններ։
«Հույզեր, լռություն և ժամանակ» ցուցահանդեսը ոչ միայն երկու արվեստագետների ստեղծագործությունների համադրություն է, այլև երկարատև համատեղ կյանքի վկայություն, որտեղ արվեստը դարձել է հաղորդակցության ձև, մտածողության տարածք և հիշողության կրող։

Comments are closed.