242052238_883285218973735_519337060909229615_n

«Սուրբ Հոգու թռչունը» — Քրիստինա Օգանեզզ

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզզի (Kristina Oganezz) «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը: «Սուրբ Հոգու թռչունն» իր բնույթով յուրատեսակ ցուցահանդես-քարոզ է, ինչն էլ ավելի յուրահատուկ է դարձնում այս իրադարձությունը:
Իր տեսակով բացառիկ այս նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։
«Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Ծնվեց նոր գաղափար նկարների նոր հավաքածուի վերաբերյալ և հավատում եմ, որ հենց Սուրբ Հոգին հուշեց ինձ այս նախագիծը իրականություն դարձնել։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից և զարդանախշերից՝ «թռչնատառեր»-ից»,- պատմում է հայ նկարչուհին:
Ի դեպ, հայկական թռչնատառերը և նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ին UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:
Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլև թռչնաթվերի: Նշենք, որ Քրիստինա Օգանեզզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Թռչնաթվերն առաջին անգամ կներկայացվեն հենց այս արտ նախագծի շրջանակում՝ դառնալով հայկական մշակույթի ինքնատիպ զարդերը։
«Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը:
Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։
Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն ունի։
Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:
Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:
2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30:

241980456_140439324956907_4638383129489183292_n

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը Գյումրիում (սեպտեմբերի 25-28) ` ժողովրդական
ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-
թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`կերպարվեստի թանգարանում և Երևանում (հոկտեմբերի 17-24)`
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային
երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցահադրությամբ:
Ցուցահանսեսին կներկայացվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների
կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան): Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսիահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնացուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց)
ստեղծագործությունների ձայնագրություններով:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի
երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) կատալոգը, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին:
***
Ծրագիրը կմեկնարկի 2021 թ. սեպտեմբերի 25-28-ը, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-թանգարան) Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսիահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ձայնագրություններով:
Ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 15.00: Բացման արարողությունը կուղեկցվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ և «Կադանս» երաժշտախմբի (գեղ. ղեկ. Հ. Ջաղացպանյան) ելույթով, ծրագրում`Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:
Հասցե՝ ք․ Գյումրի, Հաղթանակի պողոտա, 47 շենք
***
Ծրագրի երկրորդ փուլը կանցկացվի Վանաձորի կերպարվեստի թանգարանում, 2021 թ․ հոկտեմբերի 1-4-ը։
Ցուցահանդեսի բացումը հոկտեմբերի 1-ին ժ․ 15։00-ին։
Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսիահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ձայնագրություններով:
Բացման արարողությունը կուղեկցվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ
Հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 52
***
Նախագծի շրջանակներում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին»
աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:
Աշխատարանը տեղի կունենա.
Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային
ճարատարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-թանգարան):
Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում:
Սկիզբը` ժամը 13:00-ին:
***
Ծրագիրը կավարտվի Երևանում (հոկտեմբերի 17-24)`
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում։
Ցուցահանդեսի բացումը ժ․ 15։00-ին։
Հասցե՝ ք, Երևան, Աբովյան փ․, 2

 

241430994_10159778291759206_6055556795950196455_n

«ՄԱՅՐԵՆԻՔ» — խմբակային ցուցահանդես

ՄԱՅՐԵՆԻՔ
Օլգա Գանժա (Նիդերլանդներ)
Վերոնիկա Բաբայան (Նիդերլանդներ)
Տաթևիկ Ղուկասյան (Ռուսաստան)
masharu (Նիդերլանդներ)
Համադրող՝ Սուսաննա Գյուլամիրյան
Մայրենիքը՝ իր զանազան մեկնաբանություններով` Մայր հող, Մայր աստվածուհի, մայրություն, հերոսուհի մայր, հայրենիք, հայրենասիրություն, քաղաքացիություն և ազգություն, Վերոնիկա Բաբայանի, Օլգա Գանժայի, Տաթևիկ Ղուկասյանի և masharu-ի համատեղ միջազգային նախագծի արվեստագիտական վերաքննության և անդրադարձի թեման է։
Ցուցահանդեսը քաջալերում է ավելի քննադատական արձագանք Հայաստանում կանանց և երիտասարդ աղջիկների նկատմամբ գործող հայրիշխանական ճնշման նկատմամբ՝ համաձայն որի՝ նրանք պետք է ընդունեն իրենց դերը՝ որպես վերարտադրության գործիքների, որպես ծնողը տղաների, որոնք այնուհետև պետք է մեծանան ու դառնան զինվորներ։ Այս հասարակության մեջ հասունացող կինը շարունակ լսում է այն մասին, որ իր առաքելությունը սեփական արգանդում «ինչքան կարելի է շատ հայ տղաներ» բեղմնավորել ու ծնելն է։ Այս տիրապետող գաղափարաբանությանն ընդիմանալը կարող է ընկալվել որպես հակահայրենասիրական, ազգի ապագային ծառայելուց հրաժարվելու արարք։
Ինչքան էլ որ արդարացվի հայերի՝ վերացման վախը, կանայք չեն կարող ընդունել այն բանը, որ իրենց գոյության գլխավոր կամ առավել ևս՝ միակ նպատակը համարվի գենդերային առումով ընտրողական վերարտադրությունը։ Ներկա աշխարհում կանայք այլևս չեն որորշվում կամ վավերացվում առողջ տղաներ ծնելու իրենց ունակությամբ։
Վաղ շրջանի ֆեմինիստ հեղինակներից երկուսը՝ Ադրիեն Րիչը և Սառա Րադիքը, արմատական կարծիք են հայտնել մայրության պատմական կառուցարկման վերաբերյալ (1972-1996)։
Րիչը փառաբանում է մայրությունը որպես միջոց՝ ներգրավվելու հակապատերազմական ակտիվիզմի մեջ, իսկ Րադիքը հանդես է գալիս մայրության՝ որպես խաղաղության քաղաքականության ջատագով։
Որոշ դիսկուրսներ կանանց կապում են հատկապես շրջակա միջավայրին, նրանց՝ որպես սնողի ու խնամողի ավանդական սոցիալական դերի պատճառով։
Որոշ էկոֆեմինիստ ուսումնագետներ, գիտնականներ նկատում են, որ կանանց բնությանն առնչելու պատճառն այն չէ, որ նրանք կին են կամ «կանացի», այլ որովհետև, բնության նման, ճնշված վիճակում են գերազանցապես տղամարդկային ուժերի կողմից։ Մարգինալացումն ակներև է գենդերացված լեզվում, որ օգտագործվում է բնությունը նկարագրելու համար՝ Մայր հող կամ Մայր բնություն, և կանանց նկարագրելիս օգտագործվող կենդանական լեզվում։ Այսպես մտածող էկոֆեմինիստները կարծում են, որ այս կապերը ի ցույց են դրվում «կանացիության» հետ զուգորդվող սոցիալապես վերագրվող այնպիսի արժեքների հարակցությամբ, ինչպիսին է սնող հատկությունը, որ ունեն ինչպես կանայք, այնպես էլ բնությունը։
Խորհրդային միության համատեքստում Մայր -Մայրենիքի քանդակները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվել է Օլգա Գանժան Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում, օգտագործում են «Մեծ մայրերի» պատկերների արդի ներկայացումները, որ զուգորդվում են բեղմնավորության, ծնունդի, կյանքի ու հովանավորության հետ: Մայր հողի պատկերները որպես միասնության խորհրդանիշ` հիշատակում են նաև զինվորներին, որոնք զոհվել են «հողի» պաշտպանության համար, դրանք նաև խորհրդանշում են «հայրենասիրություն»՝ դրանում զետեղված իշխանության ամբողջ դիսկուրսով, որի մեջ լսվում են պատերազմների, ինքնազոհաբերության ու նվիրականացված բռնության արձագանքներ։
Վերոնիկա Բաբայանն օգտագործում է կանանց ավանդական պրակտիկաներ՝ հետազոտելու համար անդրսերնդային (սերնդից սերունդ փոխանցվող, transgenerational) տրավմա հասկացությունը և հասկանալու, թե ինչպես է մայրական խնամքը գործառում որպես մտապահման հարմարանք երեխայի ինքնության ձևավորման գործում։ Նրա աշխատանքում թթու լավաշի պատրաստման ավանդույթը, դուրս ելնելով ավելի ընդարձակ հավաքական հիշողությունից, ծառայում է որպես նավ, որի միջոցով անդրսերնդային տրավմայի ոչնչացված վկայությունները շրջանառում են տարածքից, լեզվից ու քաղաքացիությունից անդին։
Սեփական հետազոտությունների արդյունքում masharu-ն սկսեց մտածել Երկրի մասին որպես անցողիկ տարրի «աշխարհի քաղաքացու» ինքնության նախագծման գործում։ Առաջնորդվելով անտիկ պրակտիկաներով՝ masharu-ն ուտում է երկրների հողը, ուր նա գնում է, որպես միջոց կապելու իրեն տարբեր երկրների հետ։ Ինչ-որ իմաստով՝ բազմաթիվ երկրների ուտելի հողեր ուտելով՝ նա հարստացնում սեփական կենսաբանական և հոգևոր կառուցվածքը «աշխարհի քաղաքացի» դառնալու ճանապարհին։ Ուստի՝ «Ուտելի հողի թանգարանի» մոտեցումը կապվում է Մայր հողի ավելի ընդհանուր պատումին՝ տրամադրելով բոլոր անհատներին առանց խտրականության։
Տաթևիկ Ղուկասյանը հետազոտում է հայոց եղեռնի հավաքական տրավման՝ դրան նայելով Երկրի հետ տարբեր փոխհարաբերությունների ոսպնյակներով՝ «հողն ունենալը» ընդդեմ «Երկրին պատկանելուն»։ Թեև տրավմատիկ փորձառությունը արմատացած է «կորսված հողի (երկրի)» ցավի և առ այդ հողը կարոտի մեջ, Երկրի հետ կապի զգացողությունը, ինչպես կարծում է արվեստագետը, ընդհակառակը, կարող է դառնալ բուժող և հաշտեցնող միջոց։ Տաթևիկը պատմում է դեպի Թուրքիա կատարած ճամփորդության մասին, որտեղ նա կատարել է Երկրի հետ վերամիավորվելու և տրավմատիկ իրադարձությունների հետ հաշտվելու ծես ծառեր տնկելով և զոհերին հիշելով։
Միջմշակութային երկխոսությունների համատեքստում արվեստագետները հետազոտում են Երկրի (Հողի) սիմվոլիկան՝ տարածելով այն Մայրենիքի և Մայր հողի հակադիր գաղափարների միջև, մեկը՝ քչերի համար է, մյուսը՝ շատերի։ Արվեստագետները հարցնում են, թե ինչ է նշանակում հարաբերվել Հողի հետ և խնամել այն՝ արձագանքելով էկոլոգիական ճգնաժամի և ազգայնականության աճի ընթացիկ քաղաքական իրավիճակին։ Այնուհետև, հարցման ենթարկել Հողի գենդերը, առնչելով ոչ հայրիշխանական կառուցվածքներին՝ ընդդեմ օգտագործմանն ու շահագործմանը կապիտալիստական համակարգում։
——————————
Օլգա Գանժան (Վոլգոգրադ, 1981) ռուս մուլտիմեդիային արվեստագետ է, որն այժմ ապրում և աշխատում է Հոլանդիայում։ Նա լեզվի և գրականության մագիստրոսի կոչում ստացել է Վոլգոգրադի պետական համալսարանում (ՌԴ), իսկ գրաֆիկական դիզայնի բակալավրի կոչում՝ Սենտ Ջուստ արվեստի ակադեմիայում (Հոլանդիա)։ Այժմ Օլգան աշխատում է ինքնուրույն նախագծերի վրա՝ տարուբերվելով դիզայնի և արվեստի միջև սահմանագծի վրա։ Աշխատանքներում նա հաճախ ձգտում է հավասարակշռության՝ կապելով իրար հետ կապ չունեցող տարրեր, կամ տարբեր տիրույթների տարրեր միջբնագավառային եղանակով, ծիսականացնելով պատմության և մշակույթի անձնական հիշողությունները՝ հաղորդելով «արվեստանման» ձևեր։
Օլգա Գանժան բազմիցս եղել է ռեզիդենտ -արվեստագետ, մասնակցել մի շարք ցուցահանդեսների և համագործակցային նախագծերի Եվրոպայում, Աֆրիկայում և նախկին խորհրդային երկրներում։
www.olgaganzha.nl
Վերոնիկա Բաբայանը (Մյունխեն, 1994) արվեստագետ է, գրող և ուսուցիչ, որի աշխատանքն ի հայտ է գալիս Հայաստանի և Հոլանդիայի միջև։ Նա օգտագործում է մետաինքնակենսագրական մոտեցում՝ ուսումնասիրելու համար մանկավարժության տեսակները, որ ազդում են ազգային ինքնության անդադար արտադրության վրա։
Անդրադառնալով մայրությանը՝ նա աշխատում է հավաքական հիշողությունների հետ, որ տալիս են այլընտրանքային բացատրություններ լայնորեն ընդունված պատմությունների համեմատությամբ։ Օգտագործելով կանանց ավանդական պրակտիկաներ, նա շեշտում է ֆեմինիզմի դերը՝ սասանելու գերիշխանական հեղինակությունը հայրենասիրական հիշողության մեջ։ Վերոնիկան կարողանում է հակամարտ պատմությունների համար ընդհանուր տարրերի, նշանների ու խորհրդանշանների միջոցով, բացահայտել, թե դրանք ինչպես կարող էին անցնել ազգայնական պատումներից անդին և ստեղծել տարածություններ միջտարածքային պատկանելության համար։ Վերոնիկա Բաբայանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև՝ Վիլլեմ դը Կոնինգ ակադեմիայում (Ռոտերդամ) և մագիստրոսի կոչում ստացել Սանդբերգ ինստիտուտում (Ամստերդամ), 2020թ.։ Նա եղել է Քննադատական ուսումնասիրությունների հրավիրված դասախոս Վիլլեմ դը Կոնինգ ակադեմիայում և այժմ հանրային ծրագրերի համա֊համադրող է Մելլի արվեստի ինստիտուտում (Ռոտերդամ)։ Հիմա նա աշխատում է իր ավարտական աշխատանքի տպագրության վրա՝ «Սիրելի մայր։ Պատկանելության հոսուն մեխանիզմներ»։
www.veronikababayan.com
Դր. masharu-ն (Մոսկվա, 1984) մաթեմատիկական կրթությամբ ստեղծագործող է։ Նրա նախագծերը միավորում են գիտական հետազոտությունը անձնական փորձառության և մշակութային պրակտիկայի հետ։ 2011-ին masharu-ն դոկտորի կոչում է ստացել պատկերների մաթեմատիկական անալիզի տիրույթում Էյնդհովերի տեխնոլոգիական համալսարանում և ավարտել է Ամստերդամի լուսանկարչության ակադեմիան։ 2013-2014թթ. նա եղել է ռեզիդենտ Rijksakademie van Beeldende Kunst֊ում (Ամստերդամ)։ 2018-ին նա ընկերակից արվեստագետ էր Հոլանդիայի Հումանիտար և սոցիալական գիտությունների առաջացած ուսումնասիրությունների ինստիտուտում (NIAS-KNAW)։ masharu-ի աշխատանքները ցուցադրվել և հրապարակվել են Ավստրալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Խորվաթիայում, Կուբայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Գվատեմալայում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Ղազախստանում, Կիրգիզիայում, Հոլանդիայում, Նիգերիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Սուրինամում, Շվեդիայում, Ուկրաինայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում այնպիսի վայրերում և իրադարձություններում, ինչպիսիք են Աֆրիկայի արվեստագետների հիմնադրամը Լագոսում, Իսպանական մշակութային կոնտրոնը քաղաք Գվաթեմալայում, Դիզայնի համաշխարհային հավաքը Էյնդհովենում, ՐեդիԹեքս ցուցասրահում (Պարամարիբո), Ջակարտայի ժամանակակից խեցեգործության բիենալեն (Ջակարտա), Եվրոպական խեցեգործության կենտրոնը (Օստերվիյկ), Sustainica-ն Դյուսելդորֆում, Հոլանդական Տռանսնատուրալ փառատոնում, (Ամստերդամ), Ժամանակակից արվեստների Մոսկվայի 6-րդ բիենալեում և Բիլբաոյի Ծովային թանգարնում։
www.masharu.nl
2021-ին masharu-ի «Ուտելի հողի թանգարան» նախագիծը աջակցություն է ստացել հետևյալ կազմակերպությունների կողմից` Creative Industries Fund NL, Tijl Fonds, Prins Bernhard Cultuurfonds։
www.museumofedible.earth
Արվեստագետի աշխատանքային պրատիկային աջակցում է Մոնդրիան հիմնադրամը (Mondriaan Fund).
Տաթևիկ Ղուկասյանը (Երևան, 1984) արվեստագետ է, ֆասիլիտատոր, մարմնացածության թերապևտ (embodiment therapist) և մարզիչ՝ սկզբնական փորձառությամբ մարդու իրավունքների և խաղարարության բնագավառում։ Նա ծնվել է Հայաստանում, 9 տարեկանում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Տաթևիկը մեծացել է Մոսկվայում և ստացել լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության մագիստրոսի կոչում, իսկ ավելի ուշ սովորել է Ռուսաստանի Հումանիտար գիտությունների պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության ծրագրում։ Ի թիվս այլ աշխատանքների՝ նա դասավանդել է համալսարանում, համադրել կրթական, մշակութային և խաղարար նախագծեր, աշխատել թիմերի ու համայնքների հետ մարդու իրավունքների, խորը էկոլոգիայի (deep ecology) և մարմնացած հակամարտության լուծման թեմաների շուրջ։ Տաթևիկը համահիմնադիրն է «Եզրածի վրա» նախագծի, համախմբագիրը «Կարելի է իմանալ. մի պատերազմի պատմություններ» վավերագրական գրքի և «Ընկղմման ձայներ» ֆիլմի:
https://refugee.ru/…/kazhdyj-molchit-o-svoem-istorii…/
https://www.youtube.com/watch?v=37uDKMfqSRs
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» միջազգային ծրագրերի շրջանակում։
Սեպտեմբերի 18-ին ցուցահանդեսը բաց է այցելության համար հետևյալ ժամերին՝ 17:00-19:30
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:00-20:00 նախատեսվում է արվեստագետների հետ հանդիպում և հյուրասիրություն:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքային ժամերն են՝ 11:00-18:00
233175868_10159713865819206_7985301458617146095_n

«Սենյակ» — Աննա Գրիգորյան

Արվեստագետ Աննա Գրիգորյանի «Սենյակ» խորագրով փորձարարական նախագծի խնդրո առարկան՝ կանանց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնությունն ու կնասպանությունն է : Թեև տեսագրությունում արծարծված վիճագրական տվյալներն և փաստերի շարադրումը ուղիղ կերպով հայաստանյան իրողությունների հետ է կապվում, այդուհանդերձ, հայտնի է, որ գենդերային հիմքով հետապնդրումներն, ստորադասման այլևայլ պրակտիկաներն, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարը, կանանց և աղջիկների սպանությունը, շարունակական բնույթ է կրում և տարածված է աշխարհով մեկ, ինչն էլ փաստում է այն մասին, որ խնդիրը լուծված չէ և կարոտ է անսպառ արծարծման և շարունակական պայքարի՝ դրա իսպառ վերացման ուղղությամբ:
Չնայած նրան, որ տեսագրության առանցքում բռնության թեման է, հեղինակը հրաժարվում և բացառում է բռնությունը ներկայացնող պատկերների օգտագործումը: Կանանց սպանություններին վերաբերող քրեական գործերի մասին հաղորդումը զուգորդված է այնպիսի մարմնական ֆիգուրատիվությամբ, որը արվեստագետի կողմից բեմականացված է որպես այլաբանական տարածք, որտեղ գեղարվեստական արտահայտության միջոցով վերակենդանացվում, վերաակտուալացվում է գենդերի, մարմնական սահմանների և հայրիշխանական կարգի մասին դիսկուրսը:
Նախագծի հանրային ներկայացումն «Արվեստի և մշակությաին ուսումնասիրությունների լաբորատորիայի» ծրագրերի շրջանակում հնարավոր է դարձել Կանադայի արվեստների խորհրդի աջակցության շնորհիվ:
2012 թվականին Հայաստանից Կանադա տեղափոխվելով ՝ Աննա Գրիգորյանը ավարտել է Կոնկորդիայի համալսարանի արվեստի և լուսանկարչության բաժինը (2018):
Արվեստագիտական իր պրակտիկայի ձևավորուման սկիզբը դրվել է Մոնրեալում, սակայն արվեստի նախագծերի մշակումը և իրագործումը Հայաստանում Աննա Գրիգորյանի առաջնային նպատակների ցանկում է: Արվեստագետի հղացական ջանքերն ուղղված են սոցիալ-տնտեսական, անհատական և հանրային բարեկեցության և մի շարք այլ քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրներին:

 

213903101_206900328008625_5253789504858194205_n

Սամվել Կարապետյան — Հիշատակի օրեր

Հրավիրում ենք ձեզ հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր՝ Սամվել Կարապետյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսին։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ․ հուլիսի 30-ին։ 1978-ին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ 1975թ․ թվականից ի վեր ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի տարածքի, այլ նաև արտերկրում գտնվող հայկական հուշարձանները: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմություն հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ:
120191358_10158614226764501_5200334245834616614_n

Եվրոպական ժառանգության օրեր — “The Bunker Art Group”

📢 2020թ․ սեպտեմբերի 26-27-ին Ժամանակակից արվեստի թանգարանը, Եվրոպական ժառանգության օրեր միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրի ներքո, ներկայացնում է “The Bunker Art Group”-ի առցանց նախագիծը։

🔶Այս տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը մեծ ցուցահանդեսով պետք է նշեր “The Bunker Art Group”-ի 30 ամյակը։ Հասկանալի պատճառներով միջոցառումը չկայացավ, ուստի անդրադառնում ենք նախագծին առցանց ֆորմատով։

🔶 The Bunker Art Group-ը նախկին Խորհրդային Միության այլախոհ արվեստագետների թիմ է: Նրանց արվեստը նույնքան յուրահատուկ է, որքան իրենք ` արվեստագետները: Ձևավորվելով Խորհրդային Հայաստանում՝ խումբն այսօր դարձել է միջազգային։

🔶 “The Bunker Art Group”-ի առաջին սերնդի ներկայացուցիչների աշխատանքները դեռևս 30 տարի առաջ գնահատվեցին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կողմից և ընդգրկվեցին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուի մեջ և մինչ օրս կազմում են մշտական ցուցադրության մաս։

🔶 Այսօր Bunker-ը տարածվում է՝ բացելով իր դռները նոր հնարավորությունների և նոր սերնդի առջև։ Խմբում ընդգրկված են նաև բանաստեղծներ, երաժիշտներ, գրողներ և այլն:

🔶 Առցանց նախագիծը ներառում է լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ, որոնք լուսաբանում են Bunker -ի խորհրդային, հետխորհրդային, ինչպես նաև խմբավորման նոր սերնդի գործունեությունը։

🔶 Հարցազրույցները վարում է նկարչուհի/համադրող, Bunker Group-ի անդամ Լարիսա Պիլինսկին (ռուսերեն լեզվով)։

Poster-A2

Կարլո Մոնտարսոլո․ Լույս, Ձայն, Գույն

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում են Ձեզ ճանաչված իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոի (1922-2005) “Լույսը, հնչյունը և գույնը” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը։

Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի (1922-2005) աշխատանքները կցուցադրվեն Երեւանի Ժամանակակից արվեստի, թանգարանում հունվարի 15-ից փետրվարի 29-ը: Բացումը չորեքշաբթի հունվարի 15-ին, ժամը 16։00-ին

Իտալացի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի աշխատանքները շարունակում են շրջել ամբողջ աշխարհով, հրավիրելով հանրության ուշադրությունը ետպատերազմյան Իտալիայի ճանաչված նկարիչներից մեկի արվեստին։

“Associazione Montarsolo”-ի պահոցներից ընտրված 30 աշխատանքները ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանները, առանձնակի ուշադրություն դարձնելով իր կողմից լույսի օգտագործման հատուկ եղանակին։ Ցուցահանդեսը ներառում է արվեստագետի հարուստ ժառանգության բազմազանությունը սկսած 1960-ականների շրջանից (երկրաչափություն և լույս), բնության թեմաներից (ծով, հրաբուխ և այլն), 1970-ականների «Նշաններ և ձայներ» շարքից մինչև վերջին շրջանը, ուր նկարիչը իր համար բացահայտում է ստեղծագործության ահռելի մեծ աշխարհը։ Հենց այդ շրջանին է պատկանում այս ցուցահանդեսի համար որպես նշանաբան ընտրված «Փշրված ասուպ», 2003 թվականի աշխատանքը։ Ստեղծագործական վերջին շրջանը առավել շեշտելու համար ցուցահանդեսի բացումը կուղորդվի նշված աշխատանքի պրոեկցիայով։

Ներկայացված կտավներից մի քանիսը հատուկ ճանաչման են արժանացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով։ Դրանցից են՝ «Մերկը Վեզուվի վրա» (1958) և «Հաստատման պարտադիր բնույթը», որը 1972 թվականին Հռոմում անցկացված ազգային քվադրիենալեին արժանացել է հատուկ մրցանակին։

Այս ցուցահանդեսի համար պատրաստվել է պատկերագիրք, որի համադրողն է Ջորջիո Այնիզոլան, ով կներկայացնի նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսը կազմակերպված է “Associazione Montarsolo”-ի կողմից, Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հավհանու ներքո։ Տեխնիկական հովանավոր՝ Italia Cargo։
*
Կարլո Մոնտարսոլոն (1922-2005) ծնվել է Մարմորեում (Թերնի) և մեծացել Պորտիչիում (Նեապոլ)։ Սկսել է նկարել 16 տարեկանից ոգեշնչվելով շրջապատող բնությունից, Վեզուվից և Միջերկրական ծովից։ 1960-ականների ընթացքում նա բերում է Նեապոլ անալիտիկ կուբիզմի իր փորձը։ Նկարչական միջոցների արվեստագետի զուտ ինքնատիպ օգտագործումը և լույսի նկատմամբ հատուկ ուշադրությունը դարձրեցին իրեն ետպատերազմյան Իտալիայի աբստրակտ ոճի մեջ աշխատող ճանաչված նկարիչներից մեկը։ Նրան երբեք չի հետաքրքրել հատուկ ոճի ձևավորումը, նկարիչը ավելի հակված էր էքսպրեսիվ սինթեզին, որը արտահայտում էր իր ճկուն և բազմակողմանի անհատականությունը։ Նա միշտ բաց էր նորարարությանը, բայց միևնույն ժամանակ հավատարիմ էր ավանդույթներին։ Մոնտարսոլոն իր նկարչական գործունեության ընթացքում մասնակցել է մեծաքանակ հեղինակավոր ցուցադրությունների և արժանացել բազմաթիվ մրցանակների, որը հնարավորություն ստեղծեց նկարչի համար ներկայացնելու Իտալիան Մելբուրնում, Սիդնեյում և Նյու Յորքում։ Արվեստագետի աշխատանքները կարելի է տեսնել Իտալիայի և Իտալիայից դուրս գտնվող հեղինակավոր թանգարաններում, 20-րդ դարի իտալական արվեստի Collezione Farnesina հավաքածոյում և այլն։

Իր երկարատև գործունեության ընթացքում նա աչքի է ընկել նաև որպես արվեստի ջատագով․ 1975 թվականից ի վեր Կարլո Մոնտարսոլոն հաճախ հրավիրվել է Իտալիայի արվեստի ինստիտուտներ դասախոսության, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկա և Եվրոպա ժամանակակից արվեստի կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար։

Նկարչի մահից հետո իր արվեստը ներկայացնելու պատիվը տրվել է իր որդուն՝ Ֆեդերիկո Ռոմանելլի Մոնտարսոլոյին, որը կազմակերպելով իր հոր ցուցահանդեսները Իտալիայում և արտերկրում շարունակում է ներկայացնել հանրությանը իտալական արվեստը։

80066943_2668769843208176_1962837364652900352_o

Մենք Դեռ Հարցեր Ունենք

Տարվա վերջին աշխատանքային գործընթացը որով ուզում ենք կիսվել ձեզ հետ․․․ «Մենք Դեռ հարցեր ունենք» ժամանակակից պար կենդանի երաժշտությամբ: Դեկտեմբերի 27, ժամը 19։00,
Ժամանակակից Արվեստի Թանգարան /Մաշտոցի 7/։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։